Դեմենցիայի առաջացման վտանգի գործոնների բացահայտմանն ուղված 15 աշխատանքների վերլուծությունը ցույց է տվել, որ կապ կա մարդկանց անձնական կյանքի եւ նրանց մոտ դեմենցիայի ախտանշանների ի հայտ գալու միջեւ։ Օրինակ՝ ռիսկի խմբում են հայտնվել ամուրիներն ու այրիները։ Աշխատանքը հրապարակվել է Journal of Neurology, Neurosurgery & Psychiatry ամսագրում։
Լոնդոնի Համալսարանական քոլեջի բրիտանացի հետազոտողները, Ջիլ Լիվինգստոնի գլխավորությամբ, մասշտաբային հետազոտություն են անցկացրել՝ կապված տարեց մարդկանց ընտանեկան կարգավիճակի ու նրանց մոտ դեմենցիայի ախտանիշների ի հայտ գալու հավանականության միջեւ։
Հետազոտողներն, ընդհանուր առմամբ, վերլուծել են հետազոտության 812 հազար մասնակիցների ընտանեկան կարգավիճակի մասին տվյալներն՝ կապված դեմենցիայի առաջացման հետ։ Դիտարկված աշխատանքների ավելի քան կեսը կենտրոնացված են եղել բարձր տարիքի՝ 65 տարեկան եւ ավելի մարդկանց վրա, իսկ ցածր տարիքի մարդկանց մոտ անցկացված մնացյալ հետազոտությունները երկարաժամկետ են եղել եւ ներառել են տարիքից կախված խանգարումների առաջին ախտանշանների մասին տվյալները։ Մասնակիցների տարիքն ու սեռը հաշվի են առնվել վերլուծության ժամանակ։
Գիտնականները պարզել են, որ երբեք չամուսնացած մարդկանց մոտ մեծ տարիքում դեմենցիայի առաջացման ռիսկը 42 տոկոսով ավելի մեծ է, քան նրանց մոտ, ովքեր ամուսնացած են եղել կամ երկար ժամանակ մշտական զուգընկեր են ունեցել։
Այրիները նույնպես ռիսկի խմբում են հայտնվել․ զուգընկերոջ մահը մեծացրել է խանգարման հավանականությունը 20 տոկոսով։ Ընդ որում հետազոտողները հետազոտման մասնակիցների ամուսնալուծությունների ու ախտանշանների հետագայում ի հայտ գալու միջեւ ոչ մի կախվածություն չեն գտել։






