Կարգավորող մարմնի դրական որոշման դեպքում ԱՄՆ շուկայում միանգամից միգրենի բուժման երկու նոր դեղամիջոց կարող է հայտնվել՝ էրանումաբը՝ պատրաստված Novartis եւ Amgen ընկերությունների կողմից, ինչպես նաեւ ֆրեմանեզումաբը՝ պատրաստված Teva Pharmaceuticals-ի կողմից։
Դեղամիջոցները մոնոկլոնալ հակամարմիններ են, որոնք սպեցիֆիկ են գեն-կալցիտոնինային պեպտիդի (CGRP) ռեցեպտորներին: Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միգրենով տառապող հիվանդների մոտ սրա մակարդակը բարձր է: Այս պեպտիդի հեռացումը օգնում է նվազեցնել միգրենի սաստկությունն ու հաճախականությունը: Երկու դեղամիջոցների փորձարկման երրորդ փուլի մասին պատմող հոդվածները հրապարակվել են New England Journal of Medicine-ում:
Էրենումաբի փորձարկումներին մասնակցել են 955 հիվանդ: 317 մարդ ամսական 70 մգ դեղ է ստացել, 319 հիվանդ`ամսական 140 մգ, 319 հոգուց բաղկացած ստուգողական խումբը ստացել է պլացեբո:
Ուսումնասիրությունը տեւել է վեց ամիս: Ուսումնասիրության մեկնարկից առաջ միգրենը պացիենտներից ամսական «խլում» էր միջինում 8.3 օր: Առաջին խմբում, որտեղ ամսական ընդունում էին 70 մգ, այդ թիվը նվազել է 3.2 օրով, երկրորդում`3.7 օրով: Պլացեբո ընդունող խմբում այն կրճատվել է 1.8 օրով: Մասամբ կամ ամբողջությամբ «կորցրած» օրերի քանակի կրճատում հաջողվել է ստանալ առաջին խմբի մասնակիցներից 43.3 տոկոսի մոտ, իսկ երկրորդ խմբի մասնակիցների 50 տոկոսի մոտ։ Պլացեբո ընդունողների մոտ այսպիսի արդյունք գրանցել է խմբի պացիենտների 26, 6 տոկոսը։ Էրենումաբի ուսումնասիրությունները շարունակվում են, գիտնականները նախատեսում են պարզել, թե որքան ժամանակ է տեւում դեղամիջոցի ազդեցությունը:
Ֆրեմանեզումաբի ուսումնասիրության վերջին փուլին մասնակցել է 1130 մարդ: Նրանց բաժանել են երեք հավասար խմբերի: Առաջին խմբի անդամներին առաջին, չորրորդ եւ ութերորդ շաբաթների սկզբում ներարկել են ֆրեմանեզումաբ (սկզբում 675 մգ, ապա 225 մգ): Երկրորդ խմբի պացիենտներին առաջին շաբաթվա սկզբում ներարկել են 675 մգ դեղամիջոց, իսկ հետո՝ երկու անգամ պլացեբո: Երրորդ խմբում մարդկանց ներարկել են միայն պլացեբո՝ ֆիզիոլոգիական լուծույթ։
Սկզբում բոլոր խմբերում գլխացավերի դեպքերը կրկնվել են ամսական 12-13 օր: Առաջին խմբում այն կրճատվել է միջինում 4.6 օրով, երկրորդում`4.3 օրով, իսկ պլացեբո ընդունողների մոտ` 2.5 օրով: Ֆրեմանեզումաբ ընդունող հիվանդների 40 տոկոսի մոտ միգրենի հաճախականությունը երկու եւ ավելի անգամ կրճատվել է։ Դեղամիջոցի կողմնակի ազդեցություններ, մասնավորապես, լյարդի վրա ազդեցություն չի նկատվել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդմամբ՝ ամբողջ աշխարհում 300 միլիոն մարդ տառապում է քրոնիկ միգրենից: Հիվանդության հետեւանքով գլխացավերը կրկնվում են ամսական մինչեւ 15 անգամ, նվազագույնը երեք ամիս շարունակ։
Հիվանդության ախտանիշներից է ոչ միայն գլխացավը, այլեւ սրտխառնոցը, փսխումը, լույսի, ձայների եւ հոտերի նկատմամբ զգայունությունը: Միգրենով տառապող ամեն երրորդի մոտ նոպան ուղեկցվում է աուրայով`տեսողության վատացման, գլխապտույտի եւ հալյուցինացիաների ախտանշանների համալիրով: Չնայած, հիվանդության լայն տարածմանը, դրա դեմ որեւէ դեղամիջոց չկա: Եղած միջոցները կարող են մեղմացնել ցավը, բայց վերացնել նոպաները կամ դրա բուժումը հնարավոր չէ։






