Յուրաքանչյուր վեցերորդ ծնողը երեխային թույլ է տալիս ալկոհոլ խմել փորձել մինչեւ 14 տարեկանը, չնայած ալկոհոլային խմիչքները երեխաների համար լուրջ վտանգ են ներկայացնում: Այս մասին նշված է Centre for Longitudinal Studies at the UCL Institute of Education-ի եւ Pennsylvania State University-ի համատեղ հետազոտության մեջ:
Հետազոտողների խոսքով՝ ծնողներից շատերը նախապես երեխաներին սպիրտային ըմպելիքներ խմել են թույլ տալիս լավ մտադրություններով՝ նրանց թվում է, որ այդպես երեխային կսովորեցնեն ալկոհոլն ավելի պատասխանատվությամբ օգտագործել:
Գիտնականներն ասում են, որ ծնողներին անհրաժեշտ է իմանալ, որ բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են երեխայի համար ալկոհոլային ըմպելիքների միանշանակ վնասը: Մասնավորապես՝ ապացուցված է, որ վաղ տարիքում ալկոհոլ օգտագործել սկսած երեխաները դպրոցում զգալիորեն ավելի վատ են սովորում, նրանք վարքի խնդիրներ են ունենում, իսկ մեծ տարիքում ալկոհոլային կախվածություն է առաջանում:
Ավելին՝ չարժի մտածել, որ եթե երեխան ծնողի հսկողությամբ ալկոհոլի փոքր քանակություն է օգտագործում, ապա նա չի խմի տանից դուրս: Հակառակը՝ շատ երեխաների թվում է, որ ալկոհոլն իրենց ավելի «հասուն» է դարձնում, այս պատճառով նրանք հաճախ ծնողների աչքից հեռու ձգտում են տարեկիցներին ցուցադրել սպիրտային խմիչք խմել կարողանալը:
Ծնողներից շատերը երեխաներին թույլ են տալիս ալկոհոլ փորձել, քանի որ լսել են, թե երեխայի համար որքան վտանգավոր է արգելված պտուղի ըմբռնումը: Սակայն հոգեբանները եւ բժիշկները խորհուրդ չեն տալիս դեռահասներին սպիրտային խմիչքներով երես տալ: Դրա փոխարեն համարժեք ձեւով տեղեկություններ պետք է տրամադրել, թե նրանց օրգանիզմի վրա ալկոհոլն ինչ ազդեցություն կարող է ունենալ, որքան ոչ նորաձեւ է խմելը, ինչպես է արագացնում ծերանալը, ատամները դեղնացնում, իսկ բերանի հոտը տհաճ դարձնում: Սրանք հենց այն եզրահանգումներն են, որոնք կարող են դեռահասների վրա ներգործել, պնդում են մասնագետները:






