Մարզադահլիճներից ոչ հեռու բնակվող մարդիկ սովորաբար ավելի լավ մարզավիճակում են մնում, քան նրանք, ում բնակարաններին մոտիկ մարզադահլիճներ չկան: Այսպիսի եզրակացության են հանգել Լոնդոնի Հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի աշխատակիցները:

Նրանք վերլուծել են 40-ից մինչեւ 70 տարեկան մոտ 400 հազար տղամարդկանց եւ կանանց տվյալները, գնահատել են իրանի շրջագիծը, մարմնի զանգվածի ինդեքսը եւ/կամ այդ մարդկանց օրգանիզմում ճարպի քանակության տոկոսը: Գիտնականները նաեւ պարզել են, թե նրանք մարզադահլիճներից, լողավազաններից, մարզական հրապարակներից ինչ հեռավորությամբ են բնակվել:

Գիտնականները հայտնաբերել են, որ հետազոտության մասնակիցների մեծամասնությունը բնակվել է այն վայրից ոչ ավելի, քան 1 կմ հեռավոորությամբ, որտեղ հնարավոր է սպորտով զբաղվել: Սակայն կամավորների երրորդ մասը նման վայրերից հեռու է բնակվել: Հետազոտությունը ցույց է տվել, որ մարզադահլիճներին ավելի մոտ բնակվող մասնակիցները ավելի բարեկազմ էին, քան նրանք, ովքեր համանման վայրերից հեռու են բնակվել:

Մասնավորապես՝ նվազագույնը 6 մարզադահլիճներից ոչ հեռու բնակվող մարդկանց իրանը մոտ 1,3 սմ-ով փոքր էր, իսկ մարմնի զանգվածի ինդեքսը՝ 0,5 կետով ցածր: Դրանից բացի, նրանց օրգանիզմում ավելի քիչ ճարպ կար: Այս էֆեկտն առավել արտահայտված է եղել կանանց  եւ ապահովված մարդկանց շրջանում:

Մասնագետները նաեւ պարզել են, որ կամավորներից շատերը արագ սննդի ռեստորաններից 1 կմ-ից մի փոքր ավելի հեռավորությամբ են բնակվել: Գրեթե 20 տոկոսը բնակվել է ֆասթֆուդի ռեստորաններից 0,5 կմ հեռավորությամբ: Արագ սննդի ռեստորաններից ավելի քան 1,5 կմ հեռավորությամբ բնակվողները փոքր-ինչ ավելի բարեկազմ էին, քան նրանք, ովքեր այսպիսի ռեստորաններին ամենամոտն են բնակվել: Սա նույնպես ավելի հաճախ կանանց է վերաբերել: