Կակազելը կարող է կապված լինել ուղեղի աջ ճակատային մասի նեյրոնային ցանցի գերակտիվության հետ, պարզել են Max Planck Institute for Human Cognitive and Brain Sciences-ի գերմանացի գիտնականները: Մասնագետների խոսքով՝ այս նեյրոնային ցանցը խոչընդոտում է արտաբերման շարժումների ծրագրմանը եւ իրականացմանը: Դրա հետեւանքով մարդը կակազում է:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ կակազող մարդկանց մոտ խախտված է ուղեղի կիսագնդերի ակտիվության հավասարակշռությունը: Կակազողների մետ ուղեղի ձախ ճակատային մասում ակտիվությունը նվազ է, իսկ աջում՝ մեծ: Հետազոտողները որոշել են պարզել, թե դրանցից որն է ընկած կակազելու հիմքում: Նրանք մանկության տարիներից կակազող մարդկանց մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա են կատարել: Սքանավորման ընթացքում մասնակիցները պատկերացրել են, թե ամիսների անուններն են ասում:
Կակազող մարդկանց մոտ աջ ճակատային մաս տանող նեյրոնային ճանապարհը ավելի ակտիվ էր այն մասնակցների համեմատությամբ, ովքեր չէին կակազում: Այս ճանապարհը որքան ակտիվ էր, մարդն այնքան ուժեղ էր կակազում: Մասնագետները եզրակացրել են, որ աջ ճակատային մասի գերակտիվությունը խանգարում էր աշխատել ուղեղի այն գոտիներին, որոնք պատասխանատու են խոսքի համար:






