Երեխայի մոտ ագրեսիայի անսովոր  բարձր մակարդակը  կյանքի առաջին վեց տարիներին բացառապես գենետիկ արմատներ ունի, հաստատում են կենսաբաններն ու հոգեբաններն PLoS One ամսագրում հրապարակված հոդվածում։

 «Մենք հաճախ մոռանում ենք, որ ագրեսիան  եւ ագրեսիվ պահվածքը երեխայի սոցիալական զարգացման կարեւոր բաղադրիչն են կազմում։

Երեխաները, իրենց հասակակիցների համեմատությամբ,  առավել ագրեսիվ են 2-4 տարեկանում, դրանից հետո միայն  նրանք աստիճանաբար սովորում են վերահսկել իրենց էմոցիաները, կոնֆլիկտները լուծել եւ այդ մասին հայտնել շրջապատին»,- ասում է Ստեֆան Պակինը  Մոնրեալի համալսարանից  (Կանադա):

Պակինը եւ նրա գործընկերները փորձել են պարզել, թե ինչով է պայմանավորված երեխաների վարքագծային տարբերությունը: Նրանցից ոմանք հատկապես ագրեսիվ են իրենց հասակակիցների համեմատությամբ, իսկ մյուսները միայն պատասխանում են ագրեսիային կամ իրենց պասիվ են պահում ցանկացած իրավիճակում։

Այս հարցին պատասխանելու համար գիտնականները Քվեբեկում բնակվող 6-12 տարեկան երկու հազար երեխաների բաժանել են երկու խմբի, որոնցից առաջինը բաղկացած էր  նույնական ԴնԹ  եւ միանման մուտացիա ունեցող միեւնույն ձվաբջջից ծնված երկվորյակներից, իսկ երկրորդ խումբը՝ տարբեր գենոմներ ունեցող երկվորյակներից։

Վերլուծելով եւ համեմատելով գենոմները՝ գիտնականները դրանք համադրել են  երկվորյակների պահվածքի շուրջ դպրոցի ուսուցիչների պատմածների հետ։

Գիտնականները,  միջին հաշվով, երեխաների ագրեսիվ վարքագծի տատանումների մոտ 60 տոկոսը բացատրել են ուղեղի  աշխատանքի հետ կապված տարբեր գեների մուտացիաներով,  իսկ մնացած 40 տոկոսը՝ կախված զանազան այլ գործոններից: Երեխաների շրջանում գեների դերը զգալիորեն բարձր էր եւ մոտենում է գրեթե  100 տոկոսին, իսկ պատանիների շրջանում նրանց դերը գրեթե զրոյական է:

Նման փոփոխությունները, ըստ գիտնականների,  խոսում են այն մասին, որ երեխաների ուղեղը հիմնովին ձեւավորվում է այս տարիներին, եւ այս փոփոխությունների ուսումնասիրությունը կարող է օգնել նեյրոֆիզիոլոգներին եւ հոգեբաններին բացահայտել երեխաների ու պատանիների պահվածքների տարբերությունների գաղտնիքը։

Ագրեսիայի մակարդակի վրա ազդող սոցիալական գործոնների ուսումնասիրությունը կարող է օգնել գիտնականներին հասկանալ, թե ինչն է դարձնում երեխաներին խուլիգաններ եւ ագրեսիայի զոհեր, եւ ինչպես կարելի է խուսափել դրանից։