ԱՄՆ կառավարությունը վիրուսների գործառույթների ուժեղացման  վերաբերյալ հետազոտության ֆինանսավորման մորատորիումը վերացրել է: Նման հետազոտությունների արդյունքում կարող են մշակվել հայտնի վարակիչ ագենտների ավելի մահացու շտամներ, հաղորդում է Science Alert-ը:

Ըստ առողջապահության ազգային ինստիտուտների (NIH) եւ «Մարդու գենոմ» ծրագրի նախկին ղեկավար Ֆրենսիս Կոլինսի՝ գրիպի վիրուսների, մերձավոր արեւելյան շնչառական սինդրոմի (MERS) եւ ծանր սուր շնչառական սինդրոմի (SARS) ուսումնասիրությունները կօգնեն մշակել այդ վարակների դեմ արդյունավետ միջոցներ:

Ընդ որում NIH-ը մի շարք պայմաններ է առաջ քաշել, որոնք հետազոտական կենտրոնները գումար ստանալու համար պետք է կատարեն: Մասնավորապես, նրանք պետք է ապացուցեն, որ աշխատակիցները կարող են անվտանգ պայմաններում պաթոգենների ուսումնասիրություն կատարել եւ ունեն ծայրահեղ իրավիճակներում գործողությունների ծրագիր:

Ֆինանսավորման մորատորիումը ներդրվել էր այն դեպքերի կապակցությամբ, որոնց ժամանակ  խախտվել էին վարակների պահպանման պայմանները: 2014- ին ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների լաբորատորիաների մի քանի տասնյակ գիտնականներ սիբիրյան խոցի բակտերիաներով վարակվելու սպառնալիքի տակ էին հայտնվել: