Մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ)  դեմ պատվաստվել միանշանակ պետք է, քանի որ  այն կարող է քաղցկեղի մի քանի տեսակի զարգացման պատճառ դառնալ։

Այնուամենայնիվ, Հայաստանում 15-16 տարեկանում էլ ուշ չէ պատվաստվել այս վիրուսի դեմ, քանի որ այս տարիքի աղջիկների մեծամասնությունը դեռ չի ապրում սեռական կյանքով եւ այդ տարիքում  դեռ չի բախվում այդ վիրուսի հետ։  Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, Առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։

Նրա խոսքով՝  մոտ 10 տարի է աշխարհում օգտագործվում է մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութը եւ բավականին հաջող: Վարակաբանը նշել է, բոլոր դեղամիջոցները, այդ թվում`պատվաստանյութերը ունեն կարճաժամկետ եւ երկարաժամկետ հետեւանքներ ու ազդեցություն, սակայն այս 10 տարիների ընթացքում որեւէ երկրում չի արձանագրվել որեւէ լուրջ կողմնակի ազդեցություն, որը, իրոք, կապված  կլիներ պատվաստանյութի հետ:

Արա Ասոյանը նաեւ նշել է, որ զարմանում  է, երբ պատվաստման դեմ խոսում են բժշկական կրթություն չունեցող մարդիկ: Նրա կարծիքով՝ բժշկությամբ պետք է զբաղվեն բժիշկները եւ ոչ թե քաղաքագետներն ու քաղաքապետերը:

ՄՊՎ-ի դեմ պատվաստումը Հայաստանում սկսել է դեկտեմբերի 11-ց: Կիրառվել է քառավալենտ գարդասիլ պատվաստանյութը, որը պաշտպանում է 16, 18, 6 եւ 11 շտամներից:

Պատվաստում կստանա 13-ամյա 16 000 աղջիկ, որոնք ծնվել են 2004-ի հուլիսից հետո, իսկ պատվաստումը կկատարվի ամբուլատորիաներում: Այս պատվաստման կիրառումը բացասական ալիք է առաջացրել. հակադարձողների շատ պնդումներ անհիմն են, սակայն Գարդասիլով պատվաստման դեմ հանդես են գալիս նաեւ բժիշկներ, որոնք պնդում են, որ պատվաստման արդյունավետությունն առայժմ ապացուցված չէ, քանի որ շատ կարճ ժամանակ է անցել եւ հայտնի են դրա կողմնակի շատ ազդեցությունների մասին:

Պատվաստման կողմնակիցները պնդում են, որ այդ պատվաստանյութը Հայաստանում գրանցվել ու կիրառվում է արդեն 10 տարի, եւ ոչ մի լուրջ կողմնակի ազդեցություն չի գրանցվել այն ստացած 2000 մարդուց ոչ մեկի մոտ:

Ավելին՝ Առողջապահության նախարարության որոշ աշխատակիցներ եւ բժիշկներ հրապարակայնորեն գարդասիլով պատվաստել են իրենց երեխաներին:

Նշենք, որ Հայաստանում այս պահին դիսպանսեր հսկողության տակ է  գտնվում արգանդի պարանոցի քաղցկեղ ունեցող 2990 կին եւ ամեն  տարի արձանագրվում է շուրջ 250 նոր դեպք: