Օրական 4000 քայլը կօգնի բարելավել ուշադրությունը եւ մտավոր ընդունակությունները, հատկապես 60 տարեկանից մեծ մարդկանց դեպքում, պնդում են Քալիֆորնիայի համալսարանի (Լոս Անջելես, ԱՄՆ) գիտնականները:

Մի փոքր ավելի վաղ կատարված հետազոտություններն արդեն ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունը չափազանց կարեւոր է տարեց մարդկանց մոտ կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը եւ դեմենցիան կանխելու համար: Կոգնիտիվ ունակությունների նվազումը տեղի է ունենում, երբ մարդիկ սկսում են տեղեկությունների մշակման եւ մտապահման դժվարություններ ունենալ:

Երկու տարի տեւած հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են Journal of Alzheimer's Disease-ում, գիտնականներն ուսումնասիրել են հիշողության կորստի բողոքներ ունեցող 60 եւ ավելի մեծ տարիքի 29 մարդու տվյալները: Գիտնականները հետեւել են փորձի տարեց մասնակիցների ֆիզիկական ակտիվությանը՝ օգտագործելով աքսելերաչափ՝ սարք, որը չափում է շարժումը եւ հաշվում օրական կատարած քայլերի միջին թիվը:

Հետազոտության մասնակիցներին 2 խմբի են բաժանել՝ մի խմբում ընդգրկվել են նրանք, ովքեր օրական 4 հազար քայլից ավելի են կատարել, իսկ երկրորդ խմբում՝ մնացյալ բոլորը: Փորձարկվողներն անցել են նեյրոհոգեբանական թեստերի շարք եւ ուղեղի ՄՌՏ սքանավորում: Պարզվել է, որ ամեն օր ավելի քան 4 հազար քայլ կատարող մարդիկ ավելի խիտ հիպոկամպ են ունեցել եւ հիպոկամպի շուրջը ուղեղի հատվածների ավելի խիտ հյուսվածքներ, քան նրանք, ովքեր 4 հազար քայլից պակաս են կատարել:

Գիտնականները պարզել են, որ այս հատվածներում հյուսվածքների խտությունը համահարաբերակցվում է լավագույն կոգնիտիվ ֆունկցիայի հետ: Փորձի մասնակիցների ավելի ակտիվ խումբը նաեւ զգալի լավ արդյունքներ է ցուցադրել ուշադրության, տեղեկությունների մշակման արագության, հիշողության եւ մարդուն ծրագրեր կազմել ու նպատակներին հասնել թույլ տվող մտավոր հմտություններ ձեռք բերելու թեստեր անցնելիս: Ավելի ցածր ֆիզիկական ակտիվությունը համահարաբերակցվում է ուղեղի կառուցվածքի ավելի պակաս խտության եւ կոգնիտիվ ունակությունների ցածր մակարդակի հետ: