Գյոթեբորգի համալսարանի գիտնականները հայտնաբերել են արտասովոր մեխանիզմ, որը օրգանիզմին թույլ է տալիս կարգավորել քաշը։ Ավելորդ քաշ հավաքելու դեպքում ոսկորները սկսում են լրացուցիչ ծանրաբեռնվածություն զգալ, ու ոսկրային հյուսվածքը ազդանշան է ուղարկում, որը ճնշում է ախորժակը։ Այս մասին են վկայում կենդանիների վրա փորձի արդյունքները։
Գիտնականները մկների ու առնետների մաշկի տակ ներկցել են ծանրություն, որը ավելացնում է նրանց քաշը, ընդ որոււմ որոշ կրծողների մոտ այդ բեռը կազմել է նրանց մարմնի զանգվածի 15 տոկոսը, մյուսների մոտ՝ ընդամենը 3 տոկոսը։ Երկրորդ խումբը հսկիչ էր, որը թույլ էր տալիս համոզվել, որ ստացված արդյունքները կապակցված են լրացուցիչ քաշի, այլ չ թե իմպլանտի հետ։
Արդեն երկու օր անց առաջին խմբի մկներն ու առնետները սկսել են ավելի քիչ ուտել ու նիհարել, ընդ որում երկու շաբաթ անց դա ավելի նկատելի է դարձել։ Արդյունքում կրծողների քաշը, այդ թվում բեռի զանգվածը, դարձել է գրեթե այնպիսին, ինչպիսին մինչեւ փորձն էր։ Հետագայում այդ փորձը կրկնել են մկների մասնակցությամբ, որոնց մոտ գենային ինժեներիայի մեթոդներով կրճատվել էր օստեոցիտների՝ ոսկրային հյուսվածքի բջիջների քանակը։ Պարզվել է, որ այս իրավիճակում կրծողները չեն նիհարում, նույնիսկ եթե դրանց քաշը «արհեստականորեն» ավելացվում էր։ Հետազոտողները հակված են համարելու, որ կենդանիների ոսկրային հյուսվածքը, զգալով հավելյալ ծանրաբեռնվածություն, ազդանշան է ուղարկում, նվազեցնելով քաղցի զգացումը ու դրանով իսկ կարգավորելով քաշը։
Գիտնականների կարծիքով՝ նույնը կարող է տեղի ունենալ նաեւ մարդու օրգանիզմում, չնայած այս ենթադրությունը, բնականաբար, լրացուցիչ ստուգում է պահանջում։
Մասնագետները նաեւ ենթադրում են, որ իրենց հայտնաբերած մեխանիզմը թույլ կտա նոր տեսանկյունից վերլուծել նստակյաց կենսակերպի ու ավելորդ քաշի փոխադարձ կապը։ Մի կողմից ակնհայտ է, որ քիչ շարժվող մարդը քիչ կալորիա է այրում, սակայն խնդիրը կարող է լինել նաեւ այն, որ նստած մարդու ոսկորները չեն զգում նրա քաշը, ինչի հետեւանքով էլ նրա ախորժակը չի ճնշվում։
Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։






