Գիշերային քնի լրացուցիչ 20 րոպեն մարդուն կօգնի «ոչ» ասել տորթերին եւ կարկանդակներին, որոնց չարաշահումը ավելորդ քաշի առաջացման է բերում: Հետազոտությունը ցույց է տվել, որ քնի լրացուցիչ քանակությունը նվազեցնում է ոչ առողջ սննդամթերքի օգտագործումը, որը շաքար շատ է պարունակում, ավելի քան 30 տոկոս:
Քնի դեֆիցիտ ունեցող մարդիկ, որոնք փորձի ընթացքում լիակատար քնել են, ավելի հաճախ են հետեւել առողջ սննդակարգի, պարզել են Լոնդոնի Թագավորական քոլեջի առողջ սննդի ոլորտի փորձագետները:
Մարդկանց խումբը, որն ամեն գիշեր 7 ժամից պակաս է քնել, փորձի ընթացքում 21 րոպե երկար է քնել: Արդյունքում հաջողվել է նրանց մոտ անառողջ շաքարի քանակությունը օրական 10 գրամով նվազեցնել, որը համարժեք է տորթի բաժնի կեսին կամ 3 շոկոլադե կոնֆետի: Կամավորները էապես նվազեցրել են նաեւ ածխաջրերի օգտագործումը: Հետազոտողների կարծիքով՝ քնի սահմանափակումները ուղեղի բջիջներին ստիպում են ավելի ինտենսիվ արձագանքել անառողջ սննդին, ինչը մարդուն դրդում է այն ուտելուն: Հնարավոր է՝ հենց սրա հետ է կապված այն փաստը, որ քնի պակաս ունեցող մարդիկ հաճախ են գիրանում:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ քնի պակասը մարդուն դրդում է օրական 385 լրացուցիչ կալորիա օգտագործել: Հիմա արդեն պարզ է, որ այս երեւույթին հակազդելու համար բավական է պարզապես 20 րոպե երկար քնել: Կարելի է միայն պատկերացնել, թե մարդու կազմվածքն ինչպես կփոխվի, եթե նա գիշերները սկսի քնել իրեն անհրաժեշտ 8 ժամը:






