Օդի աղտոտման խնդիրն արդիական է ամբողջ աշխարհում՝ Հնդկաստանից, Չինաստանից եւ Փարիզից մինբչեւ Քալիֆորնիա եւ Նյու-Յորք: Ավտոմեքենաների արտանետումները, ջերմաէլեկտրակայանները, գյուղատնտեսական աշխատանքները, անտառային հրդեհները եւ աղտոտման այլ աղբյուրներ վնաս են հասցնում շրջակա միջավայրին եւ հատկապես մեր առողջությանը: Վերջին հետազոտությունները օդի աղտոտվածությունը կապում են այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են ասթման, աուտիզմը, սրտային հիվանդությունները, քաղցկեղը, շիզոֆրենիան, գլխացավը եւ շատ ուրիշներ, հաղորդում է Fox News-ը:

ԱՄՆ շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը (EPA) դեռեւս մարտին հայտարարել էր նոր վառելիքային եւ ավտոմոբիլային չափորոշիչների մասին, ինչը կօգնի իջեցնել ծծմբի մակարդակը բենզինում ավելի քան 60%-ով, եւ կրճատել մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաների արտանետումները: EPA-ն հույս ունի, որ այս քայլերը կօգնեն կանխել վաղաժամ մահացությունների տարեկան 2000 եւ երեխաների շնչառական հիվանդությունների 50 000 դեպքեր:

Բավական է արդյո՞ք այսքանը: Ցավոք, շատ մարդկանց վնաս արդեն հասցվել է: Իսկ օրենսդրական փոփոխությունների համար ժամանակ անհրաժեշտ կլինի. EPA նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2017-2025թթ., չնայած որ նավթային ընկերությունները նախազգուշացրել են՝ այս գրաֆիկը անիրատեսական է:

Աղտոտված օդ շնչելը վատ է, եթե նույնիսկ դուք կանգնած եք կամ զբոսնում եք: Ավելի վատ է, եթե դուք որեւէ սպորտային խաղ եք խաղում կամ մարզվում եք: Ըստ Մայո կլինիկայի տվյալների մարզման ժամանակ մենք ավելի շատ օդ ենք ներշնչում եւ այն ավելի խորն է ներթափանցում թոքեր: Մենք նաեւ հակված ենք ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ բերանով շնչելու, ինչը թույլ է տալիս աղտոտված օդին շրջանցել քթանցքերը, որոնք սովորաբար ֆիլտրում են աղտոտ մասնիկները:

Խուսափեք բացօթյա մարզումներից պիկ ժամերին՝ որպես կանոն օրվա երկրորդ կեսին, եւ հեռու մնացեք քաղաքային տրանսպորտի ինտենսիվ շարժումից:

Մինչ EPA-ն փորձում է մաքրել օդը, բոլորիս ավելի լավ կլինի մտորել ոչ միայն մեզ աղտոտվածությունից պաշտպանելու, այլեւ այս գործում մեր ներդրման մասին, քանի որ այսպես թե այնպես մենք բոլորս նպաստում ենք աղտոտվածությանը: