Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ մերկ հողափորների շրջանում, ի տարբերություն մարդկանց եւ մյուս կենդանիների, կյանքի ընթացքում մահվան հավանականությունը գրեթե չի մեծանում: Սա խոսում է այն մասին, որ ծերացման մեխանիզմը գենետիկ կամ էպիգենետիկ ծրագիր է, այլ ոչ թե ԴՆԹ-ում պատահական թերությունների կուտակում: Հետազոտության մասին հայտնում է Science ամսագիրը:
Ծերացման պատճառները պարզաբանող տեսությունները 2 խմբի են բաժանվում: Առաջինը ենթադրում է, որ կենդանի էակների մեջ մեխանիզմներ են գործում, որոնք որոշում են կյանքի տեւողության ժամկետը: Մյուսները համարում են, որ ծերացումը ժամանակի ընթացքում կուտակված մուտացիաների, խափանումների եւ բջիջներում «վերանորոգման» համակարգերի վատթարացման հետեւանք է: Այս դեպքում մահանալու հավանականությունը տարիքին զուգահեռ պետք է մեծանա:
Հոմփերթցի օրենքի համաձայն՝ 30 տարեկանից հետո կյանքի յուրաքանչյուր 8 տարում զոհվելու հավանականությունը կրկնապատկվում է: Կենսաբանները մահացության մակարդակի փոփոխությունները վերլուծել են տարբեր տարիքի մի քանի հազար մերկ հողափորների շրջանում: Պարզվել է, որ նրանք Հոմփերթցի օրենքին չեն ենթարկվում: Վեց ամսականում սեռական հասունացման հասնելուց հետո մահանալու ամենօրյա հավանականությունը գրեթե ամբողջ կյանքի ընթացքում (15-30 տարի) շարունակել է մնալ 0,01 տոկոսի մակարդակում: Կենդանու էգերը պտղաբեր են եղել նույնիսկ տարեց տարիքում:
Գիտնականների կարծիքով՝ մերկ հողափորների բջիջները մեծ ակտիվություն ունեն ԴՆԹ-ն վերանորոգող համակարգերի, ինչպես նաեւ շապերոնների նկատմամբ. սպիտակուցներ, որոնք մյուս սպիտակուցների ճիշտ կառուցվածքն են պահպանում: Սա կենդանիներին թույլ է տալիս գենետիկ թերությունները չկուտակել:
Հետազոտողները ենթադրում են, որ կրծողներն ամեն դեպքում ծերանում են, սակայն դա ոչ տիպիկ են կատարում: Հնարավոր է՝ 20-30 տարեկանից հետո հողափորներն այլեւս չեն կարողանում պահպանել օրգանիզմի վերանորոգման գործառույթը, որն արդյունքւոմ արագ մաշվում է:






