Ավելորդ քաշի եւ ճարպակալման խնդիրը երիտասարդ ռոսաստանցիների շրջանում առավել արդիական է դարձել, պարզվել է Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի կատարած հետազոտությամբ: 16-24 տարեկան քաղաքացիների շրջանում ճարպակալմամբ հիվանդների բաժինը, ինչպես նախկինում, մեծ չէ, սակայն 6 տարում 3 անգամ մեծացել է՝ 2-ից մինչեւ 6 տոկոս: Մեծացել է նաեւ ավելորդ քաշով երիտասարդների թիվը՝ 13-ից մինչեւ 17 տոկոս:
25 տարեկանից մեծ ռուսաստանցիների թվում նրանց թիվը, ում մարմնի զանգվածը նորման գերազանցում է, նույնպես աճում է, սակայն արդեն ավելի փոքր ինտենսիվությամբ: 25-39 տարիքային խմբում ավելորդ կիլոգրամներ (ներառյալ ճարպակալում) ունի 42 տոկոսը (2011 թվականին՝ 37 տոկոսը), 40–54 տարեկան մարդկանց շրջանում՝ 65 տոկոսը (60 տոկոս), 55 տարեկանից մեծ ռուսաստանցիների շրջանում՝ 77 տոկոսը (71 տոկոս): 2017 թվականի տվյալներով՝ ընդհանրապես ավելորդ քաշ է ունեցել ռուսաստանցիների ավելի քան կեսը (55 տոկոսը):
Հետազոտությունը ցույց է տվել, որ ռուսաստանցիներն իրենց քաշը չեն կապում ոչ առողջ սննդակարգի հետ: «Ավելորդ քաշով եւ նույնիսկ ճարպակալմամբ տառապող հարցվածները միջինը գործնականում նույնքան հաճախ են իրենց սնունդը որպես «որակյալ եւ ճիշտ» գնահատում, որքան մարմնի զանգվածի նորմալ ցուցանիշներով (համապատասխանաբար՝ 43 եւ 45 տոկոս) հարցվածները»,- նշված է աշխատության մեջ:
Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ ռուսաստանցիների մեծ մասի սննդակարգն անհնար է առողջ համարել: 2016 թվականի տվյալներով՝ դրա կալորիականությունը հասել է ռեկորդային՝ 2675 կկալ-ի, արձանագրել է Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը: Սա նորմայից գրեթե 16 տոկոսով բարձր է: Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ ռուսաստանցիները շաքար ավելի շատ են ուտում (տարեկան 39,3 կգ, երբ նորման 24 կգ է): Իսկ կաթի եւ կաթնամթերքների օգտագործումն անբավարար է՝ 233,4 կգ, երբ նորման 325 կգ է:
Սնունդի եւ կենսատեխնոլոգիայի դաշնային հետազոտական կենտրոնի «Օպտիմալ սնունդ» գիտական ուղղության ղեկավար Ալեքսանդր Բատուրինը նշել է, որ ռուսաստանցիների գրեթե 50 տոկոսը մթերքների պիտակները չի կարդում: «Այսինքն՝ նրանք, փաստորեն, չգիտեն, թե ինչ են ուտում: Առանց դա իմանալու չի կարելի ճիշտ սննդակարգ կազմել, մեծ է աղի կամ շաքարի գերավելցուկի վտանգը»,- պարզաբանել է Ալեքսանդր Բատուրինը:
Հետազոտությունը պատրաստվել է 4 հազար մարդկանց շրջանում սոցիոլոգիական հարցումների արդյունքներով: Ավելորդ քաշի առկայությունը որոշվել է ըստ մարմնի զանգվածի ինդեքսի:






