Մկանների ծերացումը տեղի է ունենում ցողունային բջիջներում մուտացիաների կուտակման պատճառով, պարզվել է Շվեդիայի Կարոլինի համալսարանի ինստիտուտի հետազոտությամբ: Գիտնականների խոսքով՝ գիտական աշխատության արդյունքները կօգնեն տարիքային թուլության դեմ պայքարի արդյունավետ մեթոդներ ստեղծել:
Կենսաբանները հայտնաբերել են, որ յուրաքանչյուր մկանային ցողունային բջջում 70 տարեկանում կուտակվում է ավելի քան 1000 մուտացիա: ԴՆԹ-ում արատները երեւան են գալիս որպես բջիջների բաժանման կողմնակի էֆեկտ, եւ երիտասարդ տարիքում գոյություն ունեն նուկլեինաթթուների վերականգնման մեխանիզմներ: Ըստ որում՝ առավել պաշտպանված են քրոմոսոմների հատվածները, որոնք կարեւոր են բջիջների գործառնության եւ ապրելիության համար: Սակայն ժամանակի ընթացքում պաշտպանությունը սկսում է չգործել:
Հետազոտողները ծրագրում են պարզել՝ արդյոք վարժությունները կարող են ախտածին պրոցեսն արգելակել: Համարվում է, որ ֆիզիկական ակտիվությունը նպաստում է վնասված բջիջների ոչնչացմանը եւ մկանային հյուսվածքի ինքնավերականգնմանը:






