Ծովում լողալը զգալիորեն մեծացնում է աղեստամոքսային համակարգի ինֆեկցիաների եւ ականջի բորբոքումների զարգացման հավանականությունը: Այսպիսի եզրակացության են հանգել University of Exeter Medical School, Centre for Ecology and Hydrology-ի գիտնականները:

120 հազար մարդու մասնակցությամբ 19 տարբեր հետազոտությունների նրանց մեթա անալիզը ցույց է տվել, որ ծովում հաճախակի լողացող կամ սերֆինգով զբաղվող մարդկանց շրջանում 77 տոկոսով ավելի մեծ է ականջների բորբոքումների զարգացման հավանականությունը, ինչպես նաեւ 29 տոկոսով մեծանում է աղեստամոքսային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

«Եկամտի բարձր մակարդակով երկրներում, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, կարծիք կա, որ ծովում առողջության համար վտանգը մեծ չէ: Սակայն մեր հետազոտությունը ցույց է տվել, որ ծովում անցկացված ժամանակը մեծացնում է ամենատարբեր հիվանդությունների զարգացման հավանականությունը՝ այնպիսի, ինչպիսին են ականջի հիվանդությունները եւ մարսողական համակարգի խնդիրները, որոնք առաջանում են տարբեր ինֆեկցիաների հետեւանքով: Մենք կարծում ենք, որ այս տվյալները ցույց են տալիս, որ ծովի ջրի աղտոտումը դեռեւս շարունակում է լուրջ խնդիր մնալ, որն ազդում է նույնիսկ ամենահարուստ երկրներում ապրող մարդկանց վրա»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ բժիշկ Էնն Լեոնարդը:

Այս կերպ ատացած ինֆեկցիոն հիվանդությունների մեծ մասն առավել հաճախ ինքնաբերաբար անցնում է, նույնիսկ առանց հատուկ բուժման: Սակայն այս ինֆեկցիաները կարող են ավելի ծանր հետեւանքներ ունենալ թույլ իմունիտետով մարդկանց՝ երեխաների եւ տարեցների համար:

«Մենք չենք ցանկանում մարդկանց զսպել ծովում լողալուց, որն առողջության համար մեծ թվով առավելություններ ունի, ինչպիսին է ֆիզիկական վիճակի բարելավումը եւ հոգեկան հավասարակշռության ձեռքբերումը: Սակայն անչափ կարեւոր է, որ մարդիկ տեղյակ լինեն վտանգներին, որոնք կարող են հետեւել ծովում սովորական լողալուն, որպեսզի կարողանան կշռադատված որոշումներ ընդունել»,- նշել է  հետազոտության համահեիղնակ բժիշկ Ուիլ Գեյզը:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց հետազոտությունը իշխանությունների ուշադրությունը կհրավիրի լողորդների առողջության պահպանման համար ափի եւ առափնյա գոտիների մաքրության խնդիրներին ավելի ակնդետ ուշադրություն հատկացնելու վրա: