Աշխատավարձի նույնիսկ նվազագույն բարձրացման արդյունքում մարդիկ սկսում են զգալիորեն ավելի հազվադեպ հիվանդանալ, քան նրանք, ում աշխատավարձը չի բարձրանում։ Նման հետաքրքիր եզրակացության են հանգել Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները, որոնք փորձել են պարզել, թե ինչպես է աշխատավարձի չափնազդում աշխատողների առողջության վրա։
Հետազոտության շրջանակում, որի արդյունքները հրապարակվել են BE Journal of Economic Analysis & Policy ամսագրում, պրոֆեսոր Փոլ Լեյը ու նրա գործընկերները ուսումնասիրել են 25-64 տարեկան 19000 մարդու տվյալներ, որոնք հավաքվել էին 1997-2013 թթ․ ժամանակահատվածում։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ աշխատավարձի նվազագույն բարձրացումը՝ թեկուզ ժամում մեկ դոլարով, հանգեցրել է հիվանդության պատճառով աշխատանքից բացակայությունների նվազման 32 տոկոսով։ Հետագա վերլուծությունը ցույց է տվել, որ աշխատավարձի նման բարձրացումից հետո աշխատողները սկսել են իրենց առողջությունը գնահատել որպես «գերազանց» ու «փայլուն»։
Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ աշխատավարձի նվազագույն բարձրացումը ոչ մի կերպ չի ազդել ընտանիքի անդամների՝ օրինակ երեխաների հիվանդության պատճառով աշխատանքից բացակայելու հաճախության վրա։
«Մեր հետազոտությունը ցույց է տալիս աշխատավարձի նույնիսկ նվազագույն բարձրացման դրական ազդեցությունը , քանի որ այդ դեպքում աշխատողները սկսում են ավելի հազվադեպ բացակայել հիվանդության պատճառով ու ընդհանուր առմամբ իրենց ավելի լավ են զգում», - եզրակացրել է պրոֆեսոր Լեյը։






