Զբոսանքներն անչափ օգտակար են միջին տարիքի կանանց համար, պնդում են Brown University-ի (ԱՄՆ) գիտնականները. շաբաթական գոնե 2 անգամ զբոսնող կանանց շրջանում սրտային անբավարարության հավանականությունը 20 տոկոսով նվազում է:

Գիտնականների հետազոտությանը մասնակցել է հետդաշտանադադարում գտնվող 89 հազար կին, որոնց հետեւել են 10 տարի: Հետազոտողները հայտնաբերել են, որ շաբաթական մեկանգամյա զբոսանքը 5 տոկոսով նվազեցրել է սրտային անբավարարության զարգացման հավանականությունը, շաբաթական 2-անգամյա եւ ավելի զբոսանքը՝ 20 տոկոսով, իսկ ամենօրյա զբոսանքը՝ 35 տոկոսով: Եթե մասնակիցները զբոսնել են 45 րոպեից ավելի, հավանականությունը նվազել է լրացուցիչ 25 տոկոսով: Արագ տեմքով քայլող կանայք 38 տոկոսով ավելի հազվադեպ են սրտային անբավարարության բախվել, քան նրանք, ովքեր սովորական տեմպով են քայլել:

Հետաքրքիր է, որ արդյունքները կախված չէին մասնակիցների քաշից եւ ֆիզիկական ակտիվության այլ տեսակներից, ինչը ցույց է տալիս, որ ամեն ինչից անկախ զբոսանքներն ինքնին կանանց համար շատ կարեւոր են:

Թեխասի համալսարանի աշխատակիցները նախկինում եւս հայտնաբերել էին, որ ֆիզիկական վարժությունները սիրտը երիտասարդացնում են եւ նվազեցնում սրտային անբավարարության հավանականությունը: Ավելի լավ է մարզվել սկսել մինչեւ 65 տարեկանը, երբ սիրտն ու անոթները համեմատաբար առողջ են ու առաձգական: Անհրաժեշտ է վարժություններ կատարել շաբաթական 4-5 անգամ: