Լնդերի հիվանդություններ առաջացնող բակտերիաները կարող են կապված լինել կերակրափողի քաղցկեղի զարգացման մեծ հավանականության հետ: Այսպիսի եզրակացություն են կատարել NYU Langone Medical Center-ի գիտնականները:

Նրանք 10 տարի հետեւել են 120 հազար ամերիկացիների բերանի խոռոչի առողջությանը եւ հայտնաբերել, որ լնդերի հիվանդության հետ կապված որոշակի տեսակի բակտերիաների առկայությունը կարող է մեծացնել կերակրափողի քաղցկեղի հավանականությունը: Օրինակ՝ պարզվել է, որ հետազոտության մասնակիցների բերանի խոռոչում Tannerella forsythia կոչվող բակտերիաների տեսակներից մեկի առկայությունը կապված էր 21 տոկոսով կերակրափողի ուռուցքների զարգացման հավանականությունը մեծացնելու հետ: Նման կախվածության մեխանիզմը մինչեւ հիմա չի պարզվել:

«Առայժմ պարզ չէ՝ քաղցկեղի զարգացման համար պատասխանատու է բերանի խոռոչում այս բակտերիաների միայն առկայությո՞ւնը, թե դրա զարգացումն առաջացնում են լնդերի հիվանդությունները, որոնք այս բակտերիաներն են հարուցում»,- նշել է հետազոտության հեղինակ, բժիշկ Էնթոնի Սթարփոլին:

Այսպես, թե այնպես, փորձագետները կարծում են, որ այնպիսի վտանգավոր հիվանդության կանխման համար, ինչպիսին կերակրափողի քաղցկեղն է, մանրակրկիտ զննում է անհրաժեշտ բերանի խոռոչի ցանկացած բորբոքային պրոցեսի դեպքում: Հնարավոր է, որ դա օգնի հիվանդության վաղ ախտորոշմանը, ինչպես նաեւ մեծացնի վաղ փուլերում այն բուժելու հաջողությունը:

Հետազոտության հեղինակները նշել են, որ կերակրափողի քաղցկեղը ուռուցքային հիվանդությունների շարքում տարածվածությամբ 8-րդն է եւ 6-րդը ըստ մահվան դեպքերի: Քանի որ այն հաճախ ախտորոշվում է վերջին փուլում, հնգամյա վերապրելիությունը կազմում է 15-ից մինչեւ 25 տոկոս: Հիվանդության հետեւանքով մահվան բարձր աստիճանի պատճառով գոյություն ունի այն կախարգելելու, վաղ հայտնաբերելու եւ վտանգների գնահատման անհրաժեշտություն:

Այս հետազոտությամբ կատարվել է եւս մեկ անսպասելի եզրակացություն՝ գիտնականները հայտնաբերել են, որ բերանի խոռոչի բակտերիաների որոշ տեսակներ կապված էին կերակրափողի քաղցկեղի զարգացման ավելի ցածր հավանականության հետ: Սա դրդում է կերակրափողի քաղցկեղի կանխարգելման հնարավոր մեթոդների հետազոտությունների նոր ուղղության: