Կենդանի օրգանիզմների բջիջները կարող են ավելի շատ տեղեկատվություն փոխանցել, քան նախկինում էր համարվում, պարզել են ռուսաստանցի եւ շվեյցարացի գիտնականները: Այս մասին հայտնում է Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի մամուլի ծառայությունը:

Հեռավորարեւելյան համալսարանի բնական միացությունների դեղագործական լաբորատորիայի վարիչ Վլադիմիր Կատանաեւը նշել է, որ G սպիտակուցների (GPCR) հետ կապված ռեցեպտորները ժամանակակից դեղերի կեսի թիրախ են համարվում: Այս պատճառով կարեւոր է իմանալ տեղեկատվության ծավալի մասին, որը բջիջը կարող է ստանալ այս ռեցեպտորների միջոցով:

«GPCR-ի ազդանշանային համակարգերն օժտված են զգալիորեն մեծ տեղեկատվական ծավալով, քան նախկինում էր համարվում: Մենք ազդանշանի փոխանցման այս համակարգի թողունակության ծավալը գնահատում ենք 2 բիթից ավելի: Սա նշանակում է, որ բջիջը կարող է ճշգրիտ տարբերակել ագոնիստի (քիմիական նյութ, որն առաջացնում է ռեցեպտորի արձագանքը) խտության առնվազն 4 մակարդակ»,- ասել է գիտնականը: Ժամանակակից տեղեկատվական տեխնիկան տարբերակում է ազդանշանի 2 վիճակ (երկուական կոդ):

Հետազոտողի կարծիքով՝ հայտնագործությունը լուծում է ազդանշանների ներբջջային փոխանցման սկզբունքների հանելուկը: Ստացված արդյունքները օգտակար կլինեն բոլոր նրանց համար, ովքեր բժշկական հետազոտություններով եւ դեղերի մշակմամբ են զբաղվում, կարծում է նա:

Հետազոտությանը մասնակցել են նաեւ Լոզանի համալսարանի (Շվեյցարիա), Բիոինֆորմատիկայի շվեյցարական ինստիտուտի գիտաշխատողները եւ այլ գիտնականներ: