Սպորտն օգտակար է բոլորի համար, այդ թվում նաեւ՝ հղի կանանց, պնդում են նոր հետազոտության հեղինակները: Կանանց մոտ, ովքեր հղիության ընթացքում թեկուզ շաբաթական երեք անգամ պարզ ֆիզիկական վարժություններ են կատարում, ծննդաբերությունն ավելի հեշտ եւ արագ է ընթանում, իսկ էպիդուրալ անզգայացումն ավելի հազվադեպ է անհրաժետ լինում:
Մադրիդի համալսարանի (Universidad Politecnica de Madrid) գիտնականների՝ պրոֆեսոր Ռուբեն Բարակաթի գլխավորությամբ իրականացրած հետազոտությանը երկու խմբի բաժանված 508 առողջ հղի կին է մասնակցել: 255 կին հետեւել է մանկաբարձ-գինեկոլոգների ամերիկյան քոլեջի կողմից առաջարկվող չափավոր ֆիզիկական վարժությունների ծրագրին. ամբողջ հղիության ընթացքում նրանք շաբաթական երեք անգամ աերոբիկայի վարժություններ են կատարել: Վերահսկվող խմբի մնացած կանայք պլանային ստուգումների ժամանակ միայն ընդհանուր ցուցումներ էին ստանում դիետայի եւ ֆիզիկական ակտիվության վերաբերյալ:
Ապա հետազոտության հեղինակները վերլուծել են ծննդաբերական գործունեության յուրաքանչյուր փուլի ընթացքը՝ ծննդաբերության տարբերակները, հղիության ընթացքում մայրերի քաշի փոփոխությունը, էպիդուրալ անզգայացման կիրառումը, ինչպես նաեւ երեխայի քաշը:
Պարզվել է, որ հղիության ընթացքում աերոբիկ վարժություններ կատարող կանանց մոտ ծննդաբերությունն ավելի հեշտ է ընթանում, քան այն կանանց մոտ, ովքեր ավելի պասիվ կյանք են վարել: Մասնավորապես՝ ծննդաբերության առաջին փուլը (երկունքի ցավերը սկսվելուց մինչեւ վզիկի ամբողջական բացվածքը) սպորտով զբաղվող կանանց մոտ միջինը 53 րոպեով ավելի արագ է ընթացել, իսկ ծննդաբերության ընդհանուր տեւողությունը 57 րոպեով կարճ է եղել:
Առաջին խմբի կանանց շրջանում նաեւ ավելի հազվադեպ են էպիդուրալ անզգայացում կիրառել: Ծննդկանների խմբում, որոնք վարժություններ չեն կատարել, նկատվել է հղիության ժամանակ քաշի ավելի էական ավելացում, եւ նրանք ավելի հաճախ են ծնել նորմայից բարձր քաշով երեխաների:
Այսպիսով՝ մասնագետները հղի կանանց խորհուրդ են տալիս կատարել շաբաթական 150 րոպեից ոչ պակաս միջին ինտենսիվությամբ աերոբիկայի վարժություններ:
Համարվում է նաեւ, որ հղիության ժամանակ վարժություններն օգնում են նվազեցնել գեստացիոն դիաբետի եւ պրեէկլամպսիայի զարգացման հավանականությունը, ինչպես նաեւ նվազեցնում են այն հավանականությունը, որ կինը կարող է կեսարյան հատման կարիք ունենալ: Օգտակար էֆեկտների թվում են մեջքի ցավերի մեղմացումը, սրտի եւ արյունատար անոթների ամրապնդումը:
Սակայն մինչեւ ֆիզիկական վարժությունները սկսելը, ապագա մայրերը պետք է խորհրդակցեն բժշկի հետ, քանի որ վարժությունները կարող են վնաս հասցնել սրտի եւ թոքերի որոշակի հիվանդությունների, ցերվիկալային անբավարարության, ընկերքի առաջադրության, վաղաժամ ծննդաբերության վտանգի, ծանր անեմիայի եւ պրեէկլամպսիայի դեպքում:






