Աշխարհում շատ մարդիկ աշխատավայրում ենթարկվում են աղմուկի ազդեցությանը, ինչը չափազանց բացասաբար է անդրադառնում նրանց առողջության վրա: Այսպիսի եզրակացության են հանգել ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխագելման կենտրոնի գիտնականները:

Այն մասին, որ աղմուկն ազդում է լսողության վրա, վաղուց է հայտնի, սակայն վերջերս ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ աշխատավայրում չափազանց բարձր աղմուկը կարող է հիպերտոնիա եւ արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացում առաջացնել:

Մասնագետները աղմուկի ազդեցությունը գնահատել են արդյունաբերության ոլորտում աշխատող մարդկանց վրա: Պարզվել է, որ աշխատողների քառորդ մասը աշխատավայրում ենթարկվել է աղմուկի ազդեցությանը, ըստ որում՝ 14 տոկոսը վերջին 12 ամսում: Կամավորների մոտ 12 տոկոսը հայտնել է լսողության հետ կապված խնդիրների մասին: 24 տոկոսի մոտ հիպերտոնիա է հայտնաբերվել, իսկ 28 տոկոսի մոտ խոլեստերինի մակարդակը չափազանց բարձր էր: Լսողության հետ կապված խնդիրներ ունեցող աշխատողների 50 տոկոսից ավելին չափից ավելի բարձր աղմուկի պատճառով առողջական խնդիրների է բախվել:

Հետազոտողները նշել են, որ հիպերտոնիայով տառապող մարդկանց 14 տոկոսը եւ խոլեստերինի բարձր մակարդակով կամավորների 9 տոկոսը աշխատավայրում աղմուկի ազդեցության են ենթարկվել: Աղմուկի ազդեցության տեսակետից ամենավտանգավոր բնագավառներն են արդյունաբերությունը, շինարարությունը եւ օգտակար հանածոների արդյունահանումը. այս բնագավառներում աշխատողների կեսից ավելին աշխատում է բարձր աղմուկի պայմաններում: