Առողջական խնդիրներ են հայտնվում ընդամենը 2 շաբաթ նստակյաց կենսակերպ վարելուց հետո, նախազգուշացնում են Լիվերպուլի համալսարանի հետազոտողները: Նրանց խոսքով՝ այս բացասական հետեւանքները, բարեբախտաբար, շրջելի են:
Հետազոտության շրջանակում 45 մարդ (միջինը 36 տարեկան), որոնք կանոնավորապես չեն զբաղվել ֆիզիկական ակտիվության որեւէ տեսակով, օրինակ՝ վազքով, սակայն յուրաքանչյուրը օրական անցել է նվազագույնը 10 հազար քայլ, 2 շաբաթ նստակյաց կենսակերպ են վարել:
Կամավորները աշխատանքի էին գնում մեքենայով կամ հասարակական տրանսպորտով, աստիճանների փոխարեն՝ օգտվում էին վերելակից կամ շարժասանդուղքից, իսկ կիրակի օրերն անցկացնում էին տանը հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ: Մասնակիցները հատուկ սարքեր են կրել, որոնք հետեւել են նրանց ակտիվությանը: Նրանց խնդրել են նաեւ հետեւել իրենց սովորական սննդակարգին եւ վարել սնվելու օրագիր:
Երկու շաբաթ հետո գիտնականները գնահատել են կամավորների առողջական վիճակը եւ հայտնաբերել, որ մասնակիցների գոտկատեղի շրջագիծը եւ օրգանիզմում ճարպի քանակությունը մեծացել են, մկանային զանգվածը՝ փոքրացել եւ նվազել է սրտաշնչառական դիմացկունությունը: Դրանից բացի, մասնակիցների մոտ նկատվել է ինսուլինի նկատմամբ զգայունության նվազում: Այս ամենը առավել նկատելի է եղել 2-րդ տիպի դիաբետով տառապող մոտ ազգական ունեցող մարդկանց մոտ:
Այնուհետեւ մասնակիցներին խնդրել են կրկին ակտիվանալ: Առավել ակտիվ կենսակերպի 2 շաբաթից հետո նշված խնդիրներն անհետացել են:
Փորձագետները խորհուրդ են տալիս առօրյա կյանքում հնարվորինս ակտիվ լինել եւ գնումներ կատարել իսկական խանութներում, որտեղ պետք է այցելել, այլ ոչ թե համացանցում:






