Արտաժամյա աշխատանքը առողջությունը լրջորեն վնասում է, ավելին՝ այն բացասաբար է անդրադառնում աշխատանքի որակի վրա: Այս մասին նշված է մի շարք նոր հետազոտություններում, որոնք հրապարակվել են վերջին ամիսների ընթացքում:

American Journal of Industrial Medicine-ում հրապարակված հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են Կորեայում 8300 աշխատողների տվյալները եւ այն եզրակացության հանգել, որ նրանց մոտ, ովքեր շաբաթական 61-ից մինչեւ 70 ժամ են աշխատում, սրտի իշեմիկ հիվանդության հավանականությունը 42 տոկոսով աճում է (այն մարդկանց համեմատությամբ, որոնք աշխատում են շաբաթական սահմանված 40 ժամ), իսկ շաբաթական 71-80 աշխատանքային ժամ աշատողների մոտ՝ 63 տոկոսով:

Մեկ այլ գիտական հետազոտություն, որը հապարակվել է The Lancet ամսագրում, ցույց է տվել, որ աշխատողների շրջանում, որոնք սահմանված ժամից ավելի երկար են աշխատում, կաթվածի հավանականությունն ավելի բարձր է՝ նրանց համեմատությամբ, ում աշխատանքային օրը ստանդարտ տեւողություն ունի:

University College London-ի աշխատակիցների անցկացրած խոշոր հետազոտությամբ պարզվել է, որ 55 ժամ աշխատանքային շաբաթվա դեպքում կաթվածի հավանականությունը 33 տոկոսով ավելի բարձր է, քան շաբաթական 35-40 աշխատանքային ժամի դեպքում: Գրանցվել է նաեւ սրտի իշեմիկ հիվանդության հավանականության 13 տոկոսով աճ:

Հետազոտությունները ցույց են տվել եւս մեկ հետաքրքիր օրինաչափություն. աշխատանքային ժամերի քանակության ավելացումը չի կարող բերել արդյունավետության մեծացման, հակառակը՝ նման ռեժիմը նվազեցնում է աշխատանքի արդյունավետությունը: Հեղինակները բերում են Գերմանիայի օրինակը, որը Եվրոպայի ամենահզոր տնտեսությամբ երկիրն է, ընդգծելով, որ միջին աշխատողի աշխատանքային շաբաթն այնտեղ տեւում է 36,5 ժամ:

Կորնելի համալսարանի մասնագետների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց մոտ 10 տոկոսը, որոնք շաբաթական 50-60 ժամ են աշխատում, ընտանիքում կոնֆլիկտներ են ունենում: Այս ցուցանիշը 30 տոկոսով մեծանում է շաբաթական 60 ժամից ավելի աշխատողների դեպքում: Աշխատանքային ծանրաբեռնվածության մեծացմանը զուգահեռ՝ աճում է նաեւ ամուսնալուծությունների թիվը: Ընտանեկան գժտությունները խորացնում են հոգեկան խնդիրները եւ ալկոհոլի չարաշահումը: