University of California San Diego School of Medicine-ի եւ Moores Cancer Center-ի գիտնականները չկոդավորվող ԴՆԹ-ում 200 մուտացիաներ են հայտնաբերել, որոնք կարող են նպաստել քաղցկեղային ագրեսիվ ուռուցքների զարգացմանը: Այս մասին նշված է Nature Genetics ամսագրում հրապարակված հոդվածում:

Մարդկային գենոմի մեծ մասը՝ մոտ 98 տոկոսը կազմված է, այսպես կոչված, «թափոնային» ԴՆԹ-ից: «Թափոնային» ԴՆԹ-ն նաեւ չկոդավորվող են անվանում, քանի որ դրանում գաղտնագրված չեն սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունները, ինչպես սովորական գեներում է:

Նախկինում համարվում էր, որ «թափոնային» ԴՆԹ-ն ոչ մի գործառույթ չի կատարում, սակայն վերջերս պարզվել է, որ գենետիկ մի քանի հատվածներ որոշակի դեր են խաղում բջջի կենսաքիմիայի մեջ, այդ թվում՝ կարգավորում են մյուս գեների ակտիվությունը եւ դրանք պաշտպանում համեմատման շրջանակի տեղաշարժից:

Գիտնականները վերլուծել են The Cancer Genome Atlas-ի տվյալների բազան, որում տեղեկություններ են պարունակվում մարդու ավելի քան 15 հազար քաղցկեղային ուռուցքների բջիջների գենոմների մասին: Գիտնականները 930 հիվանդների ԴՆԹ-ն համեմատել են չարորակ բջիջներում եւ առողջ հյուսվածքներում: Չկոդավորվող ԴՆԹ-ում հայտնաբերվել են 200 մուտացիաներ, որոնք ներգործել են գեների էքսպրեսիայի վրա: Այս գեներից մեկն էր DAAM1-ը, որի ակտիվացումն ուռուցքն ավելի ագրեսիվ է դարձնում: