Սնունդի մեջ պարունակվող մետաղները կարող են բացասաբար ազդել աղիների աշխատանքի վրա: Այսպիսի եզրակացության են հանգել Բինգեմտոնի համալսարանից ամերիկացի գիտնականները:

Նրանց խոսքով՝ որոշ մետաղներ սնունդի մեջ են հայտնվում տարաներից, որոնց մեջ այն պահածոյացվում է: Օրինակ՝ ցինկի օքսիդի նանոմասնիկներն առկա են բանջարեղենի, մսի, ծովամթերքի մետաղական տարաներում: Ցինկը սովորաբար օգտագործվում է  հակաբակտերիալ պաշտպանության համար, սա օգնում է էապես երկարացնել մթերքների պիտանիության ժամկետը: Սակայն այս մետաղի չափից ավելի պարունակությունը մարդուն լուրջ վտանգ է սպառնում:

Գիտնականները անալիզի են ենթարկել եգիպտացորենի, թյունոսի, ծնեբեկի եւ թռչնամսի տարաների քիմիական բաղադրությունը: Ցինկի նանոմասնիկներով առավել աղտոտված էր պահածոյացված թյունոսը՝ այն ցինկի օրական նորմայից 100 անգամ ավելի էր պարունակում: Ըստ վտանգավորության՝ երկրորդ տեղում էին թռչնամսի պահածոները, երրորդ՝ ծնեբեկի: Ցինկի առավել փոքր քանակություն է պարունակվել պահածոյացված եգիպտացորենում:

Գիտնականների խոսքով՝ ցինկի նանոմասնիկները նստում են աղեստամոքսային համակարգի օրգանների բջիջների վրա եւ առաջացնում միկրոթավիկների կորուստ: Համապատասխանաբար փոքրանում է աղիների մակերեւույթի մակերեսը, ինչը դժվարացնում է սննդարար նյութերի կլանումը: Նանոմասնիկներից մի քանիսը նաեւ բորբոքային ռեակցիա են առաջացնում, որի պատճառով մեծանում է տարբեր վնասական միացությունների համար աղիների պատերի թափանցելիությունը: