Ձեր ստամոքսը շատ լավ գիտի, թե ժամը քանիսն է։ Ավստրալացի հետազոտողները պարզել են, որ մեր փորոտիքը ունի իր սեփական ցիրկադային ռիթմը, այնպես ինչպես մեր քնի եւ արթնանալու ժամերը ղեկավարող ռիթմը, հայտնել է Fox News-ը։
Սնվելիս մեր ստամոքսը լայնանում է՝ ակտիվացնելով որովայնի նյարդերը։ Թե ինչպես են այս նյարդերը արձագանքում, կախված է օրվա տվյալ ժամից, ասում է հետազոտության համահեղինակ Ամանդա Փեյջը։ Օրվա ընթացքում նյարդերը այնքան էլ զգայուն չեն, հետեւաբար դուք կարող եք ավելի շատ ուտել։ «Ստամոքսը պետք է լի լինի, որպեսզի նյարդերը հագեցվածության ազդանշաններ ուղարկեն ուղեղին»,-ասել է Փեյջը։
Այս ամենը առաջին հերթին ազդում է մեր քաշի վրա։ Մարդիկ, ովքեր աշխատում են գիշերային հերթափոխով (հետեւաբար նրանք ավելի շատ ուտում են գիշերը) ավելի հակված են գիրանալու, քան նրանք, ովքեր սնվում են օրվա ընթացքում։ Փաստորեն, դա կապված է հենց այս ռիթմը խախտելու հետ։
Մյուս հետազոտությունները ցույց են տվել, որ շատ կարեւոր է, թե ե՞րբ եւ ի՞նչ եք ուտում։
Արթնացեք սպիտակուցներով։ Երբ մարդիկ սպիտակուցներով հարուստ նախաճաշ են ուտում, օրինակ, ձու, նրանք ավելի քիչ են սովածանում եւ ճաշին ավելի քիչ են ուտում, քան այն մարդիկ, ովքեր նախաճաշում են ոչ այնքան շատ սպիտակուց պարունակող սննդով, օրինակ օշարակով բլիթներով, պարզել են Միսսուրի համալսարանի հետազոտողները
Ճաշեք մինչ ժամը երեքը։ Համաձայն Obesity ամսագրում հրապարակված հետազոտությունների՝ եթե նույնիսկ ամենածանր սնունդը ուտեք մինչ ժամը երեքը, այն կօգնի Ձեզ նիհարել։
Եվ կրկին սպիտակուց։ Եթե ճաշից երեք ժամ հետո ուտեք նախուտեստ, որն իր մեջ ներառում է 160 կալորիա եւ 24 գրամ սպիտակուց, ապա կարելի է նվազեցնել սովի զգացումը, երկարաձգել հագեցվածության զգացողությունը, կանխել հավելյալ սնվելու ցանկությունը, նշված է Միսսուրի համալսարանի մեկ այլ հետազոտության մեջ։ Փորձեք 1 բաժակ ցածր յուղայնությամբ կաթնաշոռ օրվա երկրորդ կեսին. այն պարունակում է 28 գրամ սպիտակուց եւ 163 կալորիա։
Դադար տվեք ճիշտ ժամանակին։ Սահմանափակելով սեղանի մոտ անցկացրած Ձեր ժամանակը՝ դուք կարող եք կանխել գիրությունն ու շաքարախտը, ասված է Cell Metabolism ամսագրում տպագրված հետազոտության մեջ։






