Պտղի կենտրոնական նյարդային համակարգի շատ պաթոլոգիաներ կարելի է հայտնաբերել արդեն հղիության առաջին եռամսյակում ուլտրաձայնային դոպլեր հետազոտության միջոցով։ Այսպես, բացի ողնուղեղային ճողվածքի դեպքերի (պտղի զարգացման ծանր պաթոլոգիա) ավելի քան 90 տոկոսը կարելի է հայտնաբերել հղիության արդեն 12-րդ շաբաթում։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշել է մանկաբարձ-գինեկոլոգ, Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցի (Մեծ Բրիտանիա University College London Hospital, UK) ուլտրաձայնային ախտորոշման եւ պտղի բժշկության փորձագետ Ֆրեդ Ուշակովը։
Նրա խոսքով՝ պտղի զարգացման պաթոլոգիաների ժամանակին հայտնաբերումը չափազանց կարեւոր է՝ կենտրոնական նյարդային համակարգի արատներն ամենատարածվածների թվում են եւ ամենածանրն են, հաճախ այս պաթոլոգիաները կյանքի հետ համատեղելի չեն կամ հանգեցնում են հաշմանդամության, այդ պատճառով դրանց հայտնաբերումը հղիության վաղ շրջանում թույլ է տալիս հետագա գործողությունների շուրջ ճիշտ որոշում կայացնել։
Մասնագետի խոսքով՝ ուլտրաձայնային ախտորոշումը կարող է օգնել ոչ միայն պտղի կենտրոնական նյարդային համակարգի պաթոլոգիաների, այլ նաեւ շատ այլ արատների հայտնաբերման հարցում, այդ թվում՝ սրտաբանական։
2018 թվականի ապրիլի 28-29-ը Ֆրեդ Ուշակովը Երեւանում հանդես է գալիս հեղինակային դասընթացով՝ նվիրված մանկաբարձական պրակտիկայում դոպլեր հետազոտության կիրառմանը եւ պտղի նեյրոսոնոգրաֆիային: Մասնագետը Հայաստան է ժամանել Մանկաբարձությունում եւ գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի հրավերով, որն էլ կազմակերպել է գիտաժողովը դոկտոր Ուշակովի մասնակցությամբ։
Ասոցացիայի ղեկավար Կարինե Թոխունցը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ այս գիտաժողովի, ինչպես նաեւ Ասոցացիայի նպատակը հայաստանյան բժիշկներին եվրոպական եւ համաշխարհային չափորոշիչներին համապատասխանող ժամանակակից գիտելիքներով զինելն է։
Դոկտոր Թոխունցի խոսքով՝ ուլտրաձայնային ախտորոշման եւ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի մասնագետները իրենք են ցանկություն հայտնել լսել մանկաբարձությունում եւ գինեկոլոգիայում դոպլեր հետազոտության նորությունների մասին դասախոսություն, այդ պատճառով գիտաժողովին հրավիրել են համաշխարհային ճանաչում ունեցող դոկտոր Ուշակովին։ Սա Հայաստան նրա առաջին այցը չէ՝ 2016 թ․ մարտին նա մեկ այլ դասախոսությամբ էր հանդես եկել՝ նվիրված սրտի բնածին արատի ներարգանդային ախտորոշմանը, որը եւս կազմակերպել էր Մանկաբարձությունում եւ գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիան։
Ապրիլի 29-ը՝ գիտաժողովի 2-րդ օրը, ամբողջությամբ նվիրված կլինի պտղի նեյրոսոնոգրաֆիային՝ պտղի կենտրոնական նյարդային համակարգի հետազոտությանը, որի օգնությամբ կարելի է ախտորոշել զարգացման շատ արատներ։






