Երտասարդ տարիներին իր գեղեցկությամբ հայտնի 93-ամյա ամերիկուհի Ռեբեկա Զենիին ողջ-ողջ կերել են մակաբուծային տիզերը՝ Ջորջիայի ծերանոցում քոսով վարակվելուց հետո, հայտնում է usa.one-ը:
Ռեբեկայի երեխաների խոսքով՝ իրենց մայրն ապրում էր ամերիկյան երազանքով: Նա իր կարիերան սկսել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին. աշխատել է նավաշինական գործարանում, Չիկագոյի հեռուստակայանում եւ որպես մոդել հանդես է եկել Նյու Յորքում: Տարեց տարիքում կնոջ մոտ զարգացել է դեմենցիա, Ռեբեկայի դուստրը նրան տեղավորել է Շեփերդ Հիլզի ծերանոցում: Իսկ 5 տարի անց նույն բուժարանում քոսի բռնկումից հետո կինը մահացել է սարսափելի տանջանքների մեջ: Մինչեւ մահանալը կատարված Ռեբեկայի լուսանկարներում երեւում է, որ նրա մաշկը սեւացել է եւ թեփոտվել: Զենի ընտանիքին ներկայացնող փաստաբան Սթիվեն Չենսը պնդում է, որ անձնակազմին ասվել է «նրա ձեռքին չդիպչել», որ այն պատահաբար «չպոկվի»:
Դատական պաթոլոգանատոմ Քրիս Սփերին, որն ուսումնասիրել է Ռեբեկայի դիահերձման հաշվետվությունը, ասել է, որ նրա գործը «սարսափազդու դեպքերից մեկն է, որն իր կարիերայի ընթացքում երբեւէ տեսել է»:
Քոսը մաշկային հիվանդություն է, որն առաջանում է տիզերի ձվադրման եւ մարմնի վրա մակաբուծվելու հետեւանքով: Սթերիի գնահատմամբ՝ մահվան պահին Ռեբեկայի մարմնի մեջ հարյուր միլիոնավոր տիզ է բնակվել: Ըստ էության, նրան ողջ-ողջ կերել են, եւ նա, հավանաբար, տանջալից մահով է մահացել: «Ես լրջորեն կմտածեի այն մասին, որ սա անփույթ վերաբերմունքի հետեւանքով սպանություն է»,- հայտարարել է Սփերին:
Հանգուցյալի ընտանիքը դատի է տվել Pruitt Health բժշկական ծառայությանը, որը ղեկավարում է ծերանոցը, որտեղ կինը մահացել է:
Ջորջիայի հասարակական առողջապահության դեպարտամենտի գրությունները ցույց են տվել, որ իշխանությունները տեղյակ էին 2013 եւ 2015 թվականներին ծերանոցում քոսի բռնկման մասին: Փաստաթղթերի համաձայն՝ վարակվել էին բուժարանի 35 բնակիչներ եւ անձնակազմը: Դեպարտամենտը տեսչական ստուգումներ չի անցկացրել, սակայն տեղեկություններ է ուղարկել մաշկային հիվանդության բուժման մեթոդների մասին: Ռեբեկան քոսի հետեւանքով մահացել է գերատեսչության պատասխանից հետո 11 օր անց:












