Boston University School of Medicine-ի գիտնականները հայտնաբերել են UFD1 սպիտակուցը, որը նպաստում է ագրեսիվ Т-բջջային լեյկեմիայի զարգացմանը, որը ախտահարում է երեխաներին ու մեծահասակներին։
Մարդու բջիջներում UFD1-ն մասնակցում է սպիտակուցների դեգրադացիայի ուբիկվիտին-կախումով ազդանշանային ուղուն։ Ուբիկվիտին են կոչում այն փոքր սպիտակուցը, որը միանում է այլ սպիտակուցների՝ փոխելով դրանց ակտիվությունը կամ որոշելով բջջի մեջ դրանց տեղայնացումը։ Տվյալ դեպքում այն կատարում է տարբերանշանի դեր, որին ճանաչում է NPLOC4-UFD1-VCP բարդ սպիտակուցային համալիրի կազմում գտնվող UFD1-ը։ Արդյունքում այդ կոմպլեքսը կապակցվում է դեֆեկտավոր սպիտակուցի հետ ու դրա հետ միասին գնում դեպի ցիտոպլազմա, որտեղ երկուսն էլ քայքայվում են պրոտեասոմայի կողմից։
Վերոնշյալ գիտնականները պարզել են, որ լեյկոզի ագրեսիվ ձեւի դեպքում պաթոլոգիական հյուսվածքներում UFD1-ի մակարդակը բարձրանում է։ Սակայն եթե չարորակ բջիջներում 50 տոկոսով նվազեցնենք UFD1-ի սինթեզի համար պատասխանատու գեների ակտիվությունը, ապա ոչ միայն սպիտակուցի ընդհանուր մակարդակը կնվազի, այլեւ բուն ուռուցքի աճը կկանգնի։ Ընդ որում՝ չեն առաջանում առողջ հյուսվածքների նորմալ գործունեության համար վտանգավոր կողմնակի էֆեկտներ։
Լեյկեմիան արյունաստեղծ համակարգի չարորակ հիվանդությունների խումբ է։ Т-բջջային լիմֆոբլաստային լեյկոզի դեպքում տեղի է ունենում ոչ հասուն Т-լիմֆոցիտների չվերահսկվող պրոլիֆերացիա։ Լեյկոզից մահացությունը երեխաների մոտ հասնում է 20 տոկոսի, իսկ մեծահասակների մոտ՝ 50 տոկոսի։






