Փոխպատվաստված լյարդով հիվանդները սովորաբար անջատումը կանխող դեղերի ավելի քիչ կարիք ունեն, քան փոխպատվաստված այլ օրգաններով մարդիկ: Mayo Clinic-ի հետազոտողներին հաջողվել է պարզել սրա պատճառը:

Հետազոտությունը, որը նրանք հրապարակել են Kidney International ամսագրում, ցույց է տվել, որ փոխպատվաստված լյարդը, ի տարբերություն մյուս օրգանների, կարող է կառավարել օրգանիզմի իմունային ռեակցիաները:

Հետազոտությանը մասնակցել է 120 մարդ: 61 հիվանդի կատարվել է երիկամի փոխպատվաստում, 31-ին՝ լյարդի, իսկ 28-ին՝ թե՛ մեկի, թե՛ մյուսի: Մասնագետները մասնակիցների արյան նմուշները համեմատել են վիրահատությունից հետո մեկ տարի անց: Պարզվել է, որ մարդիկ, ում երկու օրգաններ կամ միայն լյարդ էին փոխպատվաստել, օտար օրգանին արձագանքող իմունային ավելի փոքրաթիվ բջիջներ ունեին՝ նրանց համեմատությամբ, ում միայն երիկամ էին փոխպատվաստել:

Հետաքրքիր է, սակայն, որ չնայած լյարդի փոխպատվաստմամբ մասնակիցների ռեակցիան դոնորական օրգանին ավելի թույլ էր, նրանց իմունային համակարգը հաջողությամբ է պայքարել օրգանիզմ ներխուժած ախտածինների դեմ:

Գիտնականների խոսքով՝ ամենայն հավանականությամբ, լյարդը կարող է իմունային պատասխան մոդիֆիկացնել: Սակայն դրանում վերջնականապես համոզվելու համար հետագա հետազոտություններ են անհրաժեշտ: Բժիշկներն ապագայում, հավանաբար, կսովորեն այս էֆեկտը մոդելավորել փոխպատվաստման այլ վիրահատությունների ժամանակ: Այդ դեպքում փոխպատվաստման ենթարկված մարդիկ ավելի քիչ դեղերի կարիք կունենան, որոնք իմունիտետը ճնշում են եւ կանխում անջատումը: Ինչպես հայտնի է, այդ դեղամիջոցները բազմաթիվ վտանգավոր կողմնակի էֆեկտներ ունեն, քանի որ իմունիտետը ճնշելով՝ մեծացնում են ինֆեկցիայի, քաղցկեղի եւ այլ հիվանդությունների առաջացման վտանգը: