Ընդամենը մի քանի պարզ քայլը կօգնի կյանքը առնվազն 10 տարով երկարացնել: Այս մասին պնդում են Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները: Ըստ նրանց՝ դրա համար բավական է հրաժարվել ծխելուց եւ ալկոհոլից, առողջ դիետա պահպանել, քաշը հսկողության տակ պահել եւ անընդհատ ֆիզիկական վարժություններ անել:
«Circulation» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առողջ ապրելակերպը մնում է կյանքի երկարացման կարեւորագույն աղբյուրը:
«Ցավոք, այսօր գրեթե ոչ ոք չի պահպանում այս պարզ կանոնները: Քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները պետք է լուրջ ջանքեր գործադրեն այնպիսի միջավայր ստեղծելու համար, որտեղ ճիշտ դիետան, մարզանքը եւ վատ սովորությունների բացակայությունը բնակչության շրջանում կդառնան սովորական», - ասում է վերը նշված համալսարանից Ֆրենկ Հուն:
Այսօր գիտնականների մեծ մասը կարծում է, որ մարդու օրաբաժինը մեծ ազդեցություն ունի ոչ միայն նրա քաշի, այլեւ ուղեղի, անոթների, սրտի եւ մարմնի այլ կարեւոր օրգանների առողջության վրա: Օրինակ՝ վերջերս գիտնականները ցույց էին տվել, որ մեծ քանակությամբ ձիթապտղի յուղի եւ միջերկրածովյան դիետայի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է կաթվածից կամ ինֆարկտից մահանալու հավանականությունը, իսկ աղի չափից շատ օգտագործումն ընդհակառակը՝ վնասում է սրտի եւ անոթների առողջությանը:
Վերջին տարիներին գիտնականները պարզել են, որ նույն կերպով մարդու օրգանիզմի վրա ազդում է սպորտը եւ վատ սովորություններից հրաժարվելը:
Դոկտոր Հուն եւ նրա գործընկերները փորձել են հասկանալ, թե այդպիսի նախասիրությունները որքան մեծ ազդեցություն կարող են ունենալ սովորական միջին տարիքի մարդու կյանքի տեւողության վրա, որը չի տառապում ժառանգական հիվանդություններից: Դրա համար նրանք վերլուծել են մոտավորապես 40,000 բուժքույրերի եւ բժիշկների առողջության վիճակի մասին ստացված տվյալները: Հետազոտությունը անցկացվել վերջին երեք տասնամյակների ընթացքում NHS եւ NHANES նախագծերի շրջանակում:
Համեմատելով առողջ բժիշկների եւ ճարպակալում, վնասակար սովորություններ ունեցող, նստակյաց կյանք վարող նրանց գործընկերների կյանքի տևւողությունը, Հուն եւ նրա թիմը պարզել է, որ այս բոլոր խնդիրները կյանքից 12-14 տարի են խլում:
Միջինում առողջ կենսակերպի 5 սկզբունքներին (ալկոհոլից, ծխախոտից հրաժարվելը, առողջ սնունդը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, առողջ քաշը) հետեւող կանայք եւ տղամարդիկ ապրել են մինչեւ 87-93 տարեկան, մինչդեռ հետազոտության մյուս մասնակիցները՝ մինչեւ 75-79:
Գիտնականները նշում են , որ կյանքի տեւողության երկարացումը կապված է սրտի հիվանդությունների եւ քաղցկեղի վտանգի զգալի կրճատման հետ: Մասնավորապես՝ բոլոր հինգ կանոնների պահպանումը 65 տոկոսով նվազեցրել է քաղցկեղի ձեռք բերման հավանականությունը եւ գրեթե երկու անգամ կրճատել կաթվածից, ինֆարկտից եւ սրտանոթային համակարգի այլ ծանր հիվանդություններից մահանալու հավանականությունը:






