Հոգնածությունն ու անքնությունը ռայդշերինգի հետ կապված ամենամեծ վտանգներից են, նշված է Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի նոր հուշագրում, որը հրապարակվել է Journal of Clinical Sleep Medicine-ի ապրիլյան համարում:

Ռայդշերինգը մասնավոր ավտոմեքենայի օգտագործմամբ առցանց ծառայությունների միջոցով ուղեւորների որոնման համակարգ է: 2010-ական թվականների սկզբից որոշ առեւտրային տրանսպորտային ընկերություններ, ինչպիսին է Uber-ը, սկսեցին իրենց ծառայությունները գովազդել որպես ռայդշերինգ, ինչի արդյունքում այն դարձավ տաքսի ծառայության անալոգը:

Անքնությունն ու քնի ռեժիմի խանգարումը բացասաբար են ազդում ռայդշերինգով զբաղվող վարորդների վրա, ինչի արդյունքում նրանք հաճախ մեքենան վարում են քնատ վիճակում: Վարորդները հաճախ նաեւ բուժզննում չեն անցնում՝ պարզելու համար խանգարումների (քնի մեջ շնչառության կանգի համախտանիշի) առկայությունը, որոնք նվազեցնում են զգոնությունը:

«Մենք գործ ունենք հասարակական անվտանգության խնդրի հետ, երբ ցածր սակագներն ու աշխատավարձերը վարորդներին ստիպում են շարունակել աշխատել՝ անտեսելով անվտանգության նորմերը: Նրանք կարող են չիմանալ այն հսկայական ռիսկերի մասին, որոնց ենթարկվում են՝ վստահ լինելով, որ քունն այնքան էլ կարեւոր չէ»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, Փենսիլվանիայի Պերելմանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ինդիրա Գուրուբհագավատուլան:

Դոկտոր Գուրուբհուգավատուլան պնդում է, որ ռայդշերինգի համակարգում աշխատող բազմաթիվ վարորդներ ձգտում են ծայրը ծայրին հասցնել եւ արտաժամյա են աշխատում սոցիալական խնդիրներից ելնելով: «Մենք պետք է այնպիսի անվտանգ միջավայր ստեղծենք, որտեղ նրանք կկարողանան վաստակել՝ իրենց կյանքը չվտանգելով»,- պնդում է նա:

Երթեւեկության անվտանգության ամերիկյան հիմնադրամի գնահատականներով՝ ԱՄՆ-ում տարեկան միջինը 328.000 վթարներ կապված են քնատ վիճակում մեքենա վարելու հետ: Դրանցից 109.000-ը հանգեցնում են վնասվածքների, իսկ 6.400-ը՝ մահվան:

Այս տարվա փետրվարին ռայդշերինգով զբաղվող Uber ընկերությունը հայտարարեց, որ վարորդներից պահանջում է 12 ժամ վարելուց հետո 6 ժամ դուրս գալ ցանցից: Lyft ընկերությունն էլ իր վարորդներից 6 ժամ տեւողությամբ դադար է պահանջում 14 ժամ վարելուց հետո:

Չնայած սրան՝ Երթեւեկության անվտանգության ամերիկյան հիմնադրամը կարծում է, որ այս սահմանափակումները բավարար չեն, քանի որ ռայդշերինգով զբաղվող բազմաթիվ վարորդներ մի քանի աշխատանք ունեն կամ աշխատում են միանգամից մի քանի ընկերություններում: Այսպիսով, նրանք հաճախ երթեւեկում են ուշ գիշերին կամ վաղ առավոտյան, այսինքն՝ քնատության գագաթնակետին: