Հոլանդացի գիտնականները կարողացել են ստեղծել սաղմ՝ օգտագործելով միայն ցողունային բջիջներ, առանց ձվաբջիջների ու սերմնաբջիջների, հայտնում է The Daily Mail-ը։
Մաաստրիխտի համալսարանի հետազոտողները օգտագործել են երկու տարբեր տեսակի մկների սաղմնային ցողունային բջիջները, ու դրանք խաչասերելով ստացել են սաղմի վաղ փուլը (կյանքի մոտավորապես երրորդ օրը)։ Նրանք դեռեւս ճանապարհի սկզբին են, սակայն երեք տարի անց ծրագրում են արդեն միանգամայն կենսունակ մկան սաղմ աճեցնել։
Գիտնականներն ասում են, որ իրենց աշխատանքը զգալիորեն կհեշտացնի գործընկերների գործը, քանի որ արհեստական սաղմերը կարելի է անսահմանափակ քանակությամբ օգտագործել բժշկական փորձերում, մինչդեռ իսկական սաղմերը չափից թանկ են։ Այսպիսով, այս հայտնագործությունը զգալիորեն կնվազեցնի հետազոտությունների արժեքը։
Այս հեղափոխական մշակման օգնությամբ գիտնականներն ուզում են լույս սփռել արգանդում սաղմերի ապրելիության խնդրի վրա, ինչը կօգներ բուժել անպտղությունը։ Արհեստական սաղմերի վրա նաեւ արդյունավետ կլիներ հետազոտել նոր դեղամիջոցների ազդեցությունը։
Սակայն մյուս հետազոտողները մտավախություններ են արտահայտում այս նոր տեխնոլոգիայի կապակցությամբ։ Նրանք համարում են, որ արհեստական սաղմի ստեղծումը ապագայում կհանգեցնի կլոնների բանակի ստեղծման, ինչը անբարոյական ու անթույլատրելի է։ Փորձագետներն ասում են, որ առաջին արհեստական մարդկային սաղմը հնարավոր կլինի ստանալ միայն երկու տասնյակ տարի հետո, չնայած հոլանդացիները ավելի երկարատեւ ժամկետ են նշում։





