Ֆլորիդայի բնակչուհի Քեթի Հոլիի հետ անախորժ միջադեպ է տեղի ունեցել։ Տանը միջատների դեմ պայքարը նրա համար ավարտվել է ականջի սարսափելի ցավերով ու բժիշկների այցելություններով։

Աղջկա խոսքով՝ ինքն ու ամուսինը մի քանի ամիս առաջ են տեղափոխվել նոր տուն, ինչի կապակցությամբ իրենց շատ երջանիկ էին զգում։ Սակայն շուտով նրանց ուրախությունը մռայլվել է մի անախորժ հանգամանքով՝ տանը վխտում էին միջատներ, որոնք հայտնի են Palmetto bugs անունով։

Դրանք խոշոր խավարասերներ են, որոնց երկարությունը հասնում է 50 մմ-ի ու որոնք շատ տարածված են Ֆլորիդայում։ Այդ միջատները կարողանում են թռչել ու հաճախ են բնակվում տներում։ Ամուսինները որոշ ժամանակ փորձել են սեփական ուժերով պայքարել միջատների դեմ, սակայն ի վերջո որոշել են դիմել մասնագետի օգնությանը։ Տեղի մասնագետներից մեկը երեք ամիս շարունակ «թունավորում» էր միջատներին, իսկ տանտերերը նրան ամեն անգամ 85 դոլար էին վճարում։

Սակայն ամենամեծ փորձությունն առջեւում էր։ Մի ապրիլյան գիշեր Քեթին արթնացել է ձախ ականջում տարօրինակ զգացողությունից։ Սկզբում նրան թվացել է, թե սառույցի կտոր է մտել ականջի մեջ, քանի որ նա սառնություն էր զգում ականջի ներսում։ Նա այնքան է խուճապի մատնվել, որ վազել է լոգարան, վերցրել բամբակի տամպոն ու այն դանդաղ մտցրել ականջի մեջ։ Հետո նա զգացել է, որ ինչ-որ բան է ներսում շարժվում։ Դա նման էր «ռիթմիկ» շարժման, հիշում է նա, ասես ինչ-որ բան փորձում էր ավելի խորը մտնել ականջի մեջ։

Նա հանել է բամբակի տամպոնը ու տեսել փոքրիկ, մուգ շագանակագույն կտորներ, որոնք նման էին ոտքերի։

«Մի քանի վայրկյան հետո ես գիտակցեցի, որ դրանք իրոք ոտքեր էին։ Ոտքեր։ Ոտքեր, որոնք կարող էին պատկանալ միայն Palmetto bugs տեսակի միջատներին, որը փաստորեն հայտնվել էր իմ ականջի մեջ»,- գրում է Քեթին։ Կնոջը օգնության է հասել ամուսինը։ Համատեղ ջանքերով նրանք փորձել են հանել միջատին, բայց խավարասերը ավելի ու ավելի խորն էր մտնում ականջի մեջ։ Աղջիկը խոստովանել է, որ այդ պահին իրեն թվում էր, թե ինքը խելագարվում է։

Ամուսինները գնացել են մոտակա հիվանդանոց, որտեղ բժիշկը լիդոկային է ներարկել, որպեսզի ցավազրկի աղջկան ու սպանի միջատին։ Խավարասերը սատկել է երկու րոպե անց ու այդ ամբողջ ընթացքում շարժվում էր։ Բժիշկները հեռացրել են վնասատուին ու աղջկան ուղարկել տուն՝ նշանակելով հակաբիոտիկներ։

Մի քանի օր անց աղջիկը սուր ցավ է զգացել ականջում ու դիմել է իր բուժող բժշկին։ Պարզվել է, որ հիվանդանոցում հանել էին միջատի ընդամենը մի քանի մասերը՝ մասնատելով դրա մարմինը պինցետով։ Բժիշկը եւս 6 կտոր է հանել ու վախենալով հիվանդի առողջության համար, անհապաղ ուղարկել նրան հետազոտության՝ ԼՕՌ մասնագետի մոտ։ Մասնագետը հեռացրել է մնացած մասերը՝ այդ թվում խավարասերի գլուխը, թաթերը ու բեղերը։

«Ամեն անգամ ես վեր էի ցատկում։ Սարսափելի զգացողություն էր, ես զգում էի յուրաքանչյուր շարժում ու լսում էի ձայնը, երբ բժիշկը հանում էր հերթական կտորը»,- պատմում է աղջիկը։ Միայն 9 օր հետո է Քեթին վերջնականապես ազատվել «անկոչ հյուրից»։ Հիմա նա քնելիս միշտ հատուկ հարմարանքով փակում է ականջները, վախենալով միջատների հերթական ներխուժումից։