Կամբինոլ անվանումով նյութը կարող է կանխել Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների նեյրոնների ախտահարումը ու դանդաղեցնել հիվանդության զարգացումը։ Այս մասին հայտնում են University of California համալսարանի գիտնականները։

Գիտնականները երկար տարիներ փնտրում են Ալցհեյմերի հիվանդության դեմ դեղամիջոց, սակայն այս պահի դրությամբ արդյունավետ միջոցներ չկան, որոնք ունակ կլինեն կանգնեցնել կամ զգալիորեն դանդաղեցնել այդ ծանր նեյրոդեգեներատիվ հիվանդության ընթացքը։ Հենց այդ պատճառով էլ գիտնականների հայտնագործությունն այդքան կարեւոր է։

Biochemical and Biophysical Research Communications ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ Ալցհեյմերի հիվանդության զարգացման գործում առանցքային դեր են կատարում տաու-սպիտակուցները։ Նորմայում դրանք ձեւավորում են ուղիներ, որոնց միջոցով նեյրոնները ստանում են սննդարար նյութեր ու դուրս բերում մետաբոլիզմի արտադրանքները։ Բայց որոշ դեպքերում այդ սպիտակուցների կառուցվածքը խախտվում է, ու դրանք հավաքվում են նեյրոֆիբրիլյար կծիկների մեջ ու կորցնում իրենց գործառույթները կատարելու հնարավորությունը, ինչը հանգեցնում է բջիջների կործանմանը։

Կամբինոլը խոչընդոտում է ներբբջային վեզիկուլաների առաջացմանը (լիպիդային պարկիկներ), որոնց օգնությամբ տաու-սպիտակուցները մի նեյրոնից մյուսն են տեղափոխվում։ Դեղամիջոցն արգելափակում է nSMase2 ֆերմենտը, որն անհրաժեշտ է վեզիկուլաների առաջացման համար։ Փորձերը ցույց են տվել, որ կամբինոլը հաջողությամբ ներթափանցում է հեմատոէնցեֆալիկ խոչընդոտի միջով ու կանգնեցնում տաու-սպիտակուցների տարածումը։

Հետազոտության հաջորդ փուլը կլինեն մարդկանց վրա կլինիկական փորձարկումները, բայց հայտնի չէ, թե դրանք երբ կսկսվեն։