Մեկ օր քաղցած մնալը նպաստում է ցողունային բջիջների վերականգնմանը։ Նման եզրակացության են հանգել մի խումբ ամերիկացի գիտնականներ, այդ թվում Massachusetts Institute of Technology ինստիտուտի մասնագետները։
Cell Stem Cell ամսագրում նրանք հրապարակել են տարեց ու երիտասարդ մկների վրա կատարված փորձերի արդյունքները։ Քաղցած կրծողների բջիջները սկսել էին գլյուկոզայի փոխարեն ճարպաթթուներ քայքայել։ Դրա շնորհիվ լավացել է վերականգնման հանդեպ աղիների ցողունային բջիջների ունակությունը։
Բացի դրանից, մասնագետները խթանել են վերականգնումը մոլեկուլի օգնությամբ, որն ակտիվացնում է այն նույն մետաբոլիկ ուղին, ինչ քաղցածությունը։ Նման մեթոդը կարող է օգնել այն մարդկանց, որոնք բախվել են աղեստամոքսային տրակտի ինֆեկցիոն հիվանդություններին, ու քաղցկեղով հիվանդներին, որոնք քիմիաթերապիա են անցնում։
Աղիների ցողունային բջիջները պատասխանատու են լորձաթաղանթի պահպանման համար, որը սովորաբար թարմացվում է յուրաքանչյուր հինգ օրը մեկ։ Վնասվածքի կամ ինֆեկցիայի դեպքում ցողունային բջիջները առանցքային դեր են կատարում վերականգնման հարցում։ Ծերացմանը զուգահեռ՝ վատանում է աղիների ցողունային բջիջների վերականգնման ունակությունը։ Դրա համար էլ վերականգնման համար ավելի շատ ժամանակ է պահանջվում։
Հետազոտության ընթացքում երիտասարդ ու տարեց մկները քաղցած են մնացել 24 ժամ։ Այնուհետեւ մասնագետները ուսումնասիրել են կրծողների աղիների ցողունային բջիջները։ Պարզվել է, որ քաղցածության շնորհիվ կրկնակի լավանում է աղիների ցողունային բջիջների վերականգնման ունակությունը։ Քաղցածությունը գործի է դնում ճարպաթթուների մետաբոլիզմը՝ ակտիվացնելով PPAR ռեցեպտորները (տրանսկրիպցիայի գործոններ)։ Եթե այդ մեխանիզմն արգելափակում էին, քաղցածությունը չէր օգնում ցողունային բջիջներին վերականգնվել։





