Արեւադարձային Դենգե տենդը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով, նախազգուշացնում են գիտնականները. նրանք վիրուսը հայտնաբերել են Իտալիայից մի տղամարդու սերմնահեղուկի մեջ, որը տենդից բուժվել էր:

Մինչեւ հիմա համարվում էր, որ Դենգե տենդը փոխանցվում է միայն մոծակների խայթոցով, սակայն հիմա հայտնի է դարձել, որ այն կարող է տարածվել նաեւ սեքսի միջոցով:

Տղամարդը, ում անունը չի հրապարակվում, հիվանդացել է Թաիլանդ ուղեւորության ժամանակ, իսկ մեկ ամիս հետո վիրուսը հայտնաբերվել է նրա սերմնահեղուկում, ինչը նշանակում է, որ հիվանդությունը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով, ավելին՝ դա կարող է տեղի ունենալ նույնիսկ հիվանդի առողջանալուց հետո:

Չնայած մեծահասակների մոտ Դենգե տենդը սովորաբար գրիպին նման ախտանիշներ է ունենում՝ գլխացավ, ջերմություն եւ մկաններում ու հոդերում լարվածություն, դեպքերի գրեթե 1-2 տոկոսը շատ ծանր է ընթանում, իսկ երբեմն ավարտվում է մահվան ելքով:

Ավելի հաճախ Դենգե տենդով վարակվում են ճանապարհորդները, որոնք այցելում են Ասիայի, Աֆրիկայի, Կարիբյան ավազանի, Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայի երկրներ, Ավստրալիա: Eurosurveillance-ում հրապարակված այս հետազոտությունը կենտրոնացել է 50-ն անց մի իտալացի տղամարդու պատմության վրա, որն այս տարվա հունվարին վերադարձել էր Թաիլանդից:

Տղամարդն, ընդհանուր առմամբ, առողջ էր, սակայն հիվանդության զարգացման ընթացքում նա բախվել է հոդացավի, հոգնածության եւ սրտխառնոցի: Նա ընդունվել է Հռոմի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտ, որտեղ մինչ առողջանալը 9 օր է անցկացրել: Չնայած 23 օր հետո արյան եւ մեզի մեջ վիրուսի հետքեր այլեւս չկային, սերմահեղուկի մեջ դեռեւս պահպանվել էին: