Նյու Յորք գիտնականները ստեղծել են սաղմեր, որոնք բաղկացած են հավի ու մարդու բջիջներից։ Հետազոտողները հույս ունեն, որ դա հնարավորություն կտա ավելի լավ ուսումնասիրել, թե ինչպես է բջիջներից ձևավորվում պտուղը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրւմ։

20-րդ դարի սկզբում ձկների ու երկկենցաղների մոտ բացահայտվել են հատուկ կազմակերպիչ բջիջներ, որոնք վճռորոշ դեր են կատարում օրգանիզմի կառուցվածքի վաղ ձևավորման մեջ։ Այդ բջիջները մի սաղմից մյուսին փոխպատվաստելու ժամանակ դրանք երկրորդ սաղմի մոտ խթանում են ևս մեկ թիկնալարի ու նյարդային համակարգի զարգացումը, այդ թվում ողնուղեղի ու գլխուղեղի։ Հետագայում նման բջիջներ են բացահայտվել նաև կենդանիների այլ տեսակների մոտ։ Սակայն էթիկայի սկզբունքներից ելնելով՝ անհնար էր պարզել, արդյոք նման բջիջներ կան նաև մարդու մոտ, քանի որ զարգացման 14-րդ օրվանից հետո մարդկային սաղմերի հետ փորձերն  արգելվում են, իսկ բջիջ կազմակերպիչները այդ ժամկետից հետո են սկսում աշխատել։

Ռոքֆելերի համալսարանի հետազոտողները ցողունային բջիջներից ստեղծել են մարդկային սաղմեր, իսկ հետո մարդկային սաղմնային բջիջները փոխպատվաստել են հավի սաղմի մեջ։ Դա հանգեցրել է երկրորդ ողնաշարի ու նյարդային համակարգի ստեղծմանը, ինչն ապացուցել է, որ մարդկանց մոտ նույնպես գոյություն ունեն կազմակերպիչ բջիջներ։

Գիտնականները հույս ունեն, որ մարդկային կազմակերպիչ բջիջների հետ փորձեր կատարելու հնարավորությունը իրենց թույլ կտա ավելի շատ բան իմանալ զարգացման վաղ պաթոլոգիաների մասին, որոնք հանգեցնում են վիժումների, նաև ավելի մանրակրկտորեն ուսումնասիրել ցողունային բջիջների կիրառման հնարավորությունները։ Հաջորդ քայլն է դառնալու կազմակերպիչ բջիջների աշխատանքի ուսումնասիրությունը։