Կանադացի հետազոտողները ոչ մի կապ չեն հայտնաբերել պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութերի եւ աուտոիմունային հիվանդությունների առաջացման միջեւ: Վերլուծելով մոտ 300 հազար աշակերտուհիների օրինակները, որոնց մեծ մասը ստացել էր պատվաստանյութը, հետազոտողները պարզել են, որ աուտոիմունային հիվանդությունների գրանցված բոլոր դեպքերը տեղի են ունեցել դեղամիջոցի ակտիվ ազդեցության ժամանակաշրջանից դուրս: Աշխատանքը հրապարակվել է Canadian Medical Association Joirnal-ում:

Հիշեցնենք, որ 2006 թվականին ամերիկյան Merck & Co ընկերությունը որպես մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) օնկոգեն շտամերի զարգացման կանխարգելում (մասնավորապես արգանդի վզիկի քաղցկեղից պաշտպանվելու համար) մշակել էր Գարդասիլ կոչվող պատվաստանյութը, որը ներարկում են 11-12 տարեկան աղջիկներին աշխարհի մի շարք երկրներում:  Դրանից հետո իր Ցերվարիքս պատվաստանյութն էր մշակել բրիտանական Glaxo Smith Kline ընկերությունը: Այս երկու պատվաստանյութերն էլ պաշտպանում են օրգանիզմը ՄՊՎ-ի քաղցկեղածին 18 տեսակներից 16-ից, ինչպես նաեւ 90 տոկոսով նվազեցնում արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման վտանգը:

Կարծիք կա, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումը թեեւ կարող է պաշտպանել քաղցկեղածին վիրուսներից, սակայն կարող է նաեւ մի շարք այլ հիվանդությունների հանգեցնել: 2016 թվականին ճապոնացի գիտնականները հոդվածը էին հրապարակել Scientific Reports ամսագրում, որում մկների վրա ցույց էր տրվել ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի եւ գլխուղեղի վնասվածքների միջեւ կապը: Դեղամիջոցի չափազանց մեծ չափաքանակի օգտագործման, ինչպես նաեւ դրա՝ տոքսինների հետ համատեղ ազդեցության ուսումնասիրության պատճառով փորձագետները հոդվածը հակագիտական էին համարել: Երկարատեւ վեճերից հետո ամսագրի խմբագրությունը որոշում էր կայացրել հետ կանչել հոդվածը:

Գիտնականները նաեւ նկարագրում են պատվաստումից հետո (կամ ավելի ճիշտ` հակամարմինների ակտիվ արտադրության արդյունքում) աուտոիմունային հիվանդությունների առաջացման դեպքերը, ինչպիսին է, օրինակ, գայլախտը: Չնայած նրան, որ նման դեպքերը քիչ են, ինչի պատճառով էլ արդյունքները չունեն բավականաչափ վիճակագրական նշանակություն, պատվաստումը, միեւնույն է, մտահոգություն է առաջացնում, մասնավորապես՝ երեխաների ծնողների շրջանում: ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի ներարկման եւ աուտոիմունային հիվանդությունների հետագա զարգացման միջեւ ճշգրիտ կապն ուսումնասիրելու համար Տորոնտոյի համալսարանը Լինդա Լեւեսկու գլխավորությամբ ուսումնասիրել է 2-ից 17 տարեկան 290939 կանադացի աշակերտուհու նմուշները: Նրանց 62,2 տոկոսն անվճար պատվաստում է ստացել 2007 եւ 2013 թվականներին, իսկ մնացածը հրաժարվել են պատվաստանյութից:

Առավել հաճախ պատվաստումների եւ տարբեր հիվանդությունների զարգացման միջեւ հարաբերությունների ուսումնասիրություններն օգտագործում են երկու նմուշ (պատվաստված եւ չպատվաստված կամավորների) եւ համեմատում են հիվանդության զարգացման դեպքերի թիվը: Այնուամենայնիվ, այս մոտեցումը կարող է բավականին կողմնակալ լինել, քանի որ այդպես հնարավոր չէ հաշվի առնել բոլոր հնարավոր կողմնակի փոփոխականների ազդեցությունը: Հենց այդ պատճառով նոր աշխատության հեղինակները որպես ստուգիչ ակտիվ խումբն են օգտագործել՝ համեմատելով պատվաստման ակտիվ ժամանակաշրջանը (օգտագործված դեղամիջոցի համար՝ ներարկումից 7-ից 60 օր հետո) մնացածի հետ (մինչեւ պատվաստումը եւ պատվաստումից հետո 6-ից 60 օրվա ընթացքում):

Պատվաստումից հետո դիտարկման ժամանակահատվածում աուտոիմունային հիվանդությունների զարգացման 681 դեպք է գրանցվել. ընտրված աղջիկների շրջանում առավել հաճախ ռեւմատոիդ արթրիտ է ախտորոշվել: Դեպքերի մեծ մասը (455) գրանցվել է դեղամիջոցի երրորդ, վերջնական չափաբաժնի ներարկումից երկու ամիս անց: Վերլուծելով աղջիկների մոտ իմունային համակարգի այլ հիվանդությունների զարգացման պատմությունը՝ գիտնականները ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի եւ աուտոիմունային հիվանդությունների զարգացման միջեւ կապ (p = 0,4) չեն հայտնաբերել:

Աշխատության հեղինակների կարծիքով՝ ստացված արդյունքները պետք է հանգստացնեն ծնողներին, որոնք վախենում են կամավոր պատվաստումների տարբեր հետեւանքներից, սակայն, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ մեծ քանակությամբ մասնակիցների հիման վրա գիտական ուսումնասիրությունները ոչ միշտ են փաստարկ համարվում ի օգուտ պատվաստման: