Հնդկաստանի KMC Hospital հիվանդանոցի բժիշկներն առանց վիրահատության 9-ամյա աղջկա թոքերից հանել են մագնիսը։ Դրա համար նրանք գործածել են ավելի ամուր մագնիս։
Աղջիկը, որի անունը չեն հայտնում, քրոջ հետ խաղալիս պատահաբար կուլ էր տվել 2,5-սանտիմետրանոց մագնիս։ Նրա մոտ սկսվել են շնչառական դժվարություններ, քանի որ մագնիսը մնացել էր նրա աջ թոքի ու բրոնխի միջեւ։
Երբ աղջիկը եկել է հիվանդանոց, բժիշկները սկզբում չգիտեին, թե ինչ անեն՝ նրանք չէին ուզում վիրահատել ու բացել նրա թոքը։ Սկզբում նրանք ուզում էին օգտվել հատուկ գործիքից՝ բրոնխոսկոպից, որն իրենից ներկայացնում է օպտոմանրաթելային մալուխ, որը անցկացվում է շնչափողի միջով՝ ներքին օրգաններում արյունահոսությունների կամ վնասումների ախտորոշիչ զննման նպատակով։ Ցավոք, մագնիսը չափից հարթ մակերես ուներ ու այն հնարավոր չէր որեւէ բանով բռնել։ Իսկ երեխայի թոքերի վրա ռիսկային խոռոչային վիրահատություն իրականացնելու ցանկություն վիրաբույժները բոլորովին չունեին։
Բժիշկներից մեկի մտքով մի փայլուն գաղափար է անցել՝ օգտագործել մեկ այլ, ավելի հզոր մագնիս։ Նրանք մեծ մագնիսը շարժել են աղջկա մարմնի վրա, իսկ փոքր մագնիսն էլ այդ ընթացքում երեխայի ներսում էր շարժվում, սկզբում դուրս գալով թոքերից ու մտնելով շնչափող, այնուհետեւ՝ բերանի խոռոչ, որտեղից էլ այն հանել են։ Պրոցեդուրայից հետո աղջկա վիճակն արագ կայունացել է, իսկ հաջորդ օրը նրան տուն են ուղարկել։






