Տարեց տարիքում ինֆեկցիան կարող է չափազանց ուժեղ իմունային պատասխան առաջացնել, որը խախտում է հիպոկամպի աշխատանքը՝ ուղեղի հատված, որը չափազանց կարեւոր է նոր տեղեկությունների մտապահման համար: Այսպիսի եզրակացություն է պարունակում հետազոտությունը, որը հրապարակել է ԱՄՆ Թեմփլ համալսարանից Սյուզեն Պատերսոնի ղեկավարած խումբը: Հետազոտությունը հրապարակվել է eNeuro ամսագրում:
«Ծերանալիս մեր հիշողությունը ոչ միշտ է աստիճանաբար մարում: Հաճախ այնպես է պատահում, որ տարեցները, որոնք բոլորովին վերջերս իրենց լավ էին զգում, ծանր ինֆեկցիոն հիվանդութուն տանելով՝ կորցնում են հստակ մտածելու ունակությունը եւ ընկնում են զգայախաբության մեջ: Եթե նույնիսկ այդ նոպան անցնում է, նման ճգնաժամերը նկատելիորեն մեծացնում են տկարամտության զարգացման հավանականությունը»,- ասում է Պատերսոնը:
Փորձի ժամանակ որպես փորձարարական կենդանիներ են օգտագործել գենետիկական այն հավաքածուով առնետներին, որի ներկայացուցիչները հակված չեն վառ արտահայտված կոգնիտիվ խանգարումներին ո՛չ երիտասարդ, ո՛չ ծեր տարիքում: Ինչպես հստակեցնում է Science Daily պարբերականը, գիտնականները նրանցից մի քանիսին վարակել են սովորական աղիքային ցուպիկ Escherichia coli-ի շտամներով: Փորձը կատարվել է 3 ամսական եւ 2 տարեկան կրծողների վրա: Առնետների համար վերջին տարիքը տարեց է համարվում:
Ինֆեկցիան տարեց կրծողներին տառացիորեն խելագարեցնում էր: Նրանք կորցրել են հիշելու ունակությունը, որտեղ է գտնվում լաբիրինթոսի ելքը, պատերին էին բախվում եւ ընդհանրապես իրենց տարօրինակ էին պահում:
Նման վիճակը շարունակվել է 8-14 օր: Հետազոտողները պարզել են, որ այն առաջացել է չափազանց ուժեղ իմունային պատասխանով: Կենսաքիմիական ռեակցիաների բարդ շղթան բերել է ուղեղի նեյրոտրոֆիկ գործոնի մակարդակի նվազման: Այս սպիտակուցը կարեւոր դերակատարում ունի նյարդային համակարգի գործունեության մեջ: Մասնավորապես՝ հիպոկամպին անհրաժեշտ է այն նպատակով, որ կարճաժամկետ հիշողությունները երկրաժամկետի վերափոխի: Բանն այն է, որ նշված սպիտակուցի պակասը խանգարում է նոր միջնեյրոնային կապերի նորմալ ձեւավորմանը:
Երիտասարդ կրծողների մոտ նույնպես դիտվել է այս նյութի մակարդակի նվազում, սակայն ոչ այդքան ուժգին եւ ավելի կարճաժամկետ: Արդեն մեկ օր հետո ամեն ինչ նորմայի էր վերադառնում:
Չնայած տարեց առնետների հոգեկան ֆունկցիաները ժամանակի ընթացքում վերականգնվել են, հետազոտութկամբ պարզվել է, որ նրանց հիպոկամպում անուղղելի փոփոխություններ են կատարվել: Հնարավոր է՝ հենց այսպիսի փոխակերպումներն են մեծացնում ինֆեկցիա տարած տարեցների մոտ ծերունական տկարամտության վտանգը:
Հեղինակները հույս ունեն, որ հեռանկարում իրենց հետազոտությունը կօգնի դեղեր ստեղծել, որոնք կարգելափակեն ինֆեկցիայի ժամանակ անցանկալի նյութերի արատադրումը եւ ուղեղի վնասում թույլ չեն տա:






