Տիզի խայթոցը Մեծ Բրիտանիայի բնակչուհու մոտ դիմային նյարդի կաթված է առաջացրել եւ նրան 2 տարով զրկել խոսելու հնարավորությունից:

Հյուսիսային Ուելսում Դենբիշիր կոմսությունից Ռեյչել Ֆոլուքս-Դեւիսին 2015 թվականի հունիսին իր տան այգում տիզ էր խայթել: Մի քանի օր հետո 43-ամյա կնոջ դեմքը սկսել էր ցած սահել, եւ նա դադարել էր շրթունքը զգալ:

Բժիշկները սկզբում Ֆոլուքս-Դեւիսի մոտ Բելլի կաթված են ախտորոշել՝ վիճակ, որի դեպքում դիմային մկանները թուլանում են եւ սառչում: Սակայն հաբերով բուժման յոթամսյա կուրսը նրան չէր օգնել, եւ ժամանակի ընթացքում նա կորցրել էր խոսելու հնարավորությունը: Բրիտանուհին չի կարողացել նաեւ աչքը փակել, իսկ տարեվերջին չի կարողացել թարթել: Երբ նա կրկին բժիշկներին է դիմել, նրան հանձնարարել են աչքի վրա վիրակապ դնել եւ մի քանի ժամ հետո դուրս են գրել:

Ֆոլուքս-Դեւիսը չի հանձնվել եւ թանկարժեք հետազոտություն է անցել, որը նրան թույլ է տվել պարզել, որ տառապում է Լայմի հիվանդությամբ՝ տիզերով փոխանցվող բակտերիալ հիվանդություն, որը համարժեք բուժման բացակայության դեպքում կարող է բերել հաշմանդամության եւ մահվան:

Բժիշկները կնոջ ախտորոշմանը չեն համաձայնվել եւ հայտարարել են, որ հիվանդությունը Ուելսի տարածքում տարածված չէ: Նրանք նրան բուժման հանձնարարականներ են տվել, սակայն հրաժարվել են դա պաշտոնական ախտորոշում համարել եւ ապահովագրություն ձեւակերպել:

«Ես 2 տարի չէի կարողանում խոսել, իսկ ուտում էի միայն ապուր եւ խյուս՝ ձողիկով: Ես մշտապես հոգնած եմ, ուժ չունեմ նույնիսկ ամենապարզ գործողությունների համար»,- գանգատվել է կինը: Նա պնդում է, որ հոգնելուց կամ մեկ բաժակ գինուց հետո իր դեմքը շարունակում է սառչել, իսկ երբ ուտում է, աչքը ցնցվում է: