Օդանավերի անձնակազմերը մյուս մարդկանց համեմատ ավելի խոցելի են քաղցկեղի գրեթե բոլոր տեսակների զարգացման առումով։ Harvard’s T.H Chan School of Public Health-ի գիտնականները պարզել են, որ պատճառը արեւային ճառագայթումն ու մշտական ջեթլագն է։
Գիտնականները ԱՄՆ-ում հետեւել են 5000 բորտուղեկցորդների առողջությանը ու պարզել են, որ այդ մասնագիտության մարդկանց շրջանում նորագոյացություններ ավելի հաճախ են հանդիպում, քան մնացած մարդկանց մոտ։ Օրինակ բորտուղեկցորդուհիների շրջանում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը 50 տոկոսով բարձր է , քան մյուս կանանց շրջանում։
Կանանց շրջանում․
- Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականություն․ 3․4 տոկոս՝ օդանավերի անձնակազմերի, 2․3 տոկոս՝ մնացած մարդկանց մոտ
- Արգանդի քաղցկեղի զարգացման հավանականություն՝ 0․15 տոկոս՝ օդանավի անձնակազմերի, 0․13 տոկոս ՝մնացած մարդկանց մոտ
- Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հավանականություն՝ 1․0 տոկոս՝ օդանավի անձնակազմերի, 0․7 տոկոս՝ մնացած մարդկանց մոտ
- Աղեստամոքսային տրակտի քաղցկեղի զարգացման հավանականություն՝ 0․47 տոկոս՝ անձնակազմերի, 0․27 տոկոս՝ մնացածի մոտ
- Վահանաձեւ գեղձի քաղցկեղի զարգացման հավանականություն՝ 0․67 տոկոս՝ օդանավի անձնակազմերի, 0․56 տոկոս՝ մնացած մարդկանց մոտ։
Տղամարդկանց շրջանում.
- Մելանոմայի զարգացման հավանականություն․ 1․2 տոկոս՝ օդանավի անձնակազմերի, 0․69 տոկոս՝ մնացած մարդկանց մոտ
- Մաշկի քաղցկեղի այլ տեսակների զարգացման հավանականություն՝ 3․2 տոկոս՝ օդանավի անձնակազմերի, 2․9 տոկոս՝ մնացած մարդկանց մոտ
Նշենք, որ թռիչքներին մասնակցող ավիացիոն աշխատողների շրջանում քիչ են ծխող ու ոգելից խմիչքներ չարաշահող, ինչպես նաեւ ճարպակալում ունեցող մարդիկ։ Որպես կանոն, բորտ ուղեկցորդներն ու օդաչուներն առողջ կենսակերպ են պահպանում, ու այդ առումով այս հետազոտության արդյունքները առավել զարմանալի են թվում ։ Դրա հեղինակները ստացված տվյալները բացատրում են նրանով, որ բարձրության վրա օդն ավելի նոսրանում է, արեւային ճառագայթումից պաշտպանությունը նվազում է, ինչի հետեւանքով ուղեւորները ու անձնակազմի անդամները ստանում են 100-300 անգամ ավելի շատ ճառագայթում, քան ծովի մակարդակի վրա գտնվելու դեպքում։ Բայց եթե ուղեւորները այդ վտանգներին այդքան էլ հաճախ չեն բախվում, ապա անձնակազմի անդամները դրանց բախվում են գրեթե ամեն օր։
Ավելի վաղ հետազոտողները հանգել էին այն եզրակացության, որ անձնակազմի անդամները տարվա ընթացքում ճառագայթման ավելի բարձր չափաբաժին են ստանում, քան ատոմային էլեկտրակայանների աշխատակիցները: Բացի դրանից, նրանք մշտապես բախվում են ջեթլագին, այսինքն ժամային գոտիների փոփոխության համախտանիշին, քանի որ տարբեր ժամանակային գոտիներ թռիչքների պատճառով նրանք ստիպված են լինում համակերպվել քնի ու արթուն մնալու տարբեր գրաֆիկների։ Դրա հետեւանքով տուժում է ու վերահսկողությունից դուրս է գալիս նրանց հորմոնալ համակարգը։






