Մանկության տարիներին ունեցած ապրումները ազդում են մեծ տարիքում տեստոստերոնի՝  տղամարդկանց սեռական հորմոնի մակարդակի վրա։  Նման եզրակացության են հանգել Durham University համալսարանի հետազոտողները։

Տեստոստերոնը շատ կարևոր դեր է կատարում մարդու օրգանիզմում, կարգավորելով դրա մի շարք   ֆունկցիաները, այդ թվում լիբիդոն։ Տեստոստերոնի չափից ցածր մակարդակը կարող է դառնալ էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառ, իսկ այդ հորմոնի չափից բարձր մակարդակը կարող է հանգեցնել շագանակագեղձի ուռուցքների։

Գիտնականները վերլուծել են տվյալներ Բանգլադեշից ու Մեծ Բրիտանիայից 359 տղամարդկանց առողջական վիճակի մասին։ Պարզվել է, որ այն տղամարդիկ, որոնք Բանգլադեշում են ծնվել,  բայց ապրել ու մեծացել են Մեծ Բրիտանիայում,  տեստոստերոնի ավելի բարձր մակարդակ են ունեցել այն տղամարդկանց համեմատ, որոնք ապրել ու մեծացել են Բանգլադեշում։

Մասնագետները համարում են, որ տեստոստերոնի մակարդակի վրա ազդել են Բանգլադեշում կյանքի ծանր պայմանները։ Բանգլադեշում մեծացած երեխաների օրգանիզմը ռեսուրսներն  ուղղում էր հիվանդությունների դեմ պայքարին, այլ ոչ թե տղամարդկանց սեռական հորմոնների արտադրմանը։ Այսպիսով,   տեստոստերոնի մակարդակի փոփոխությունների հետ կապված տարբեր հիվանդությունների ռիսկի գնահատման համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, թե ինչ պայմաններում է մեծացել մարդը։