Ձեռքերը հաճախ լվանալն ու տանը մաքրություն անելը պաշտպանում է մարդկանց թունավոր անտիպիրենների ազդեցությունից, որոնց հետ շփվում է մարդը։ Նման եզրակացության են հանգել Columbia University's Mailman School of Public Health-ի գիտնականները իրենց նոր հետազոտության ընթացքում։
Մարդու առողջության համար վտանգավոր նյութեր կարող են լինել կահույքի ու էլեկտրոնիկայի վրա։ Զանազան հետազոտությունների համաձայն՝ տվյալ նյութերը խախտում են էնդոկրին համակարգի աշխատանքը, նվազեցնում են բեղունությունը։
Փորձագետները ստուգել են, թե մարդիկ որքան հաճախ են շփում ունենում յոթ անտիպիրենների հետ, այդ թվում այսպես կոչված տրիսի (տրիս (1,3-դիքլորիզոպրոպիլ) ֆոսֆատ): Կամավորներին խնդրել են ավելի հաճախ մաքրել տունը կամ լվանալ ձեռքերը (հետազոտության առաջին շաբաթ), իսկ հետո երկուսը միասին անել (երկրորդ շաբաթ). Հետո նրանցից մեզի անալիզ են վերցրել։
Տրիս հայտնաբերվել է մեզի նմուշների 97 տոկոսում։ Առաջին շաբաթվանից հետո սովորականից հաճախ ձեռքերը լվացողների խմբի մեզի մեջ նկատվել է միացության ցուցանիշների նվազում 31 տոկոսով։ Ընդ որում այն կանանց մոտ, որոնց մեզի մեջ ի սկզբանե կար տրիսի անբնական բարձր մակարդակ, նկատվել է դրա մակարդակի նվազում 74 տոկոսով, եթե նրանք սկսել են տանն ավելի հաճախ մաքրություն անել։
Իսկ ընդհանուր առմամբ հետազոտության երկրորդ շաբաթից հետո, երբ կամավորները ավելի հաճախ էին ձեռքեր լվանում ու տուն մաքրում, տրիսի մակարդակը նվազել էր 43 տոկոսով՝ սկզբնական խտության համեմատ։ Այն կանանց մոտ, ում մոտ հետազոտության սկզբում էր գրանցվել անբնական բարձր մակարդակ, արդյունքում նվազումը կազմել էր 62 տոկոս։ Այս նույն տրամաբանությունն է գործել նաեւ մյուս անտիպիրենների դեպքում։ Բայց իհարկե այդպես էլ չի հաջողվել այնքան նվազեցնել միացության մակարդակը, որ դրա հետքերն առհասարակ չզգացվեին մեզի մեջ։






