Արհեստական բեղմնավորման բազմաթիվ կլինիկաներում հիվանդներին առաջարկում են լրացուցիչ վճարի դիմաց  էնդոմետրիալ սքրեթչինգի գործողություն անցկացնել։ Համարվում է, որ այն բարձրացնում է հաջող բեղմնավորման հավանականությունը։ Բայց իրականում  դա այդպես չէ, հավաստիացնում են University of Auckland համալսարանի գիտնականները։

Էնդոմետրիալ սքրեթչինգը արգանդի խոռոչի լորձաթաղանթի վրա փոքր քերծվածք անելն է։ Այդ պրոցեսը մոտ մեկ րոպե է տեւում ու նման է քսուք վերցնելուն, բայց ավելի ցավոտ է ու ինվազիվ։ Նախկինում ընդունված էր համարել, որ սքրեթչինգը կարող է օգուտ տալ ԱՄԲ միջամտության ժամանակ։ 2016-ի հետազոտությունը ցույց էր տվել, որ չնայած ԱՄԲ անցկացնելուց առաջ բազմաթիվ թանկարժեք «լրացուցիչ գործողությունները»  ապացուցողական բավարար բազա չունեն, էնդոմետրիալ սքրեթչինգը, հնարավոր է, ավելացնում է պտղի կենդանածնության հավանականությունը։  Մասնագետները ենթադրում էին, որ քերծվածքի առաջացրած բորբոքումը կարող է օգնել սաղմի իմպլանտացիային։

Ըստ նոր, ամենալիարժեք հետազոտության՝ էնդոմետրիալ սքրեթչինգը չի բարձրացնում ԱՄԲ-ից հետո ողջ երեխա ծնելու հավանականությունը։

Հետազոտությանը մասնակցել է 1364 կին՝ 13 կենտրոններից ու 5 երկրներից, որոնք անցել են ԱՄԲ իրենց սեփական ձվաբջիջներով։ Կանանց կեսին պատահականության սկզբունքով էնդոմետրիալ սքրեթչինգ է իրականացվել։ Հետազոտողները հայտնաբերել են, որ երկու խմբերում ծնելիության ցուցանիշները նույնն էին՝ 26 տոկոսից քիչ ավելի, իսկ ելքի, այդ թվում՝ արտարգանդային հղիության կամ բազմակի հղիության  ցուցանիշները չէին տարբերվում։

Հետազոտողների թիմը նաեւ դիտարկել է այն կանանց, որոնց  մինչ այդ իմպլանտավորել էին երկու կամ ավելի սաղմ, բայց նրանք չէին հղիացել։ Էնդոմետրիալ սքրեթչինգն  օգտակար էր համարվում նման իրավիճակներում, սակայն որեւէ առավելություն չի հայտնաբերվել։

Առավելություններ չեն հայտնաբերվել նաեւ մյուս տարբերությունները, օրինակ՝ թարմ կամ սառեցված սաղմերի օգտագործումն ուսումնասիրելիս։

Բացի դրանից, հետազոտողների խոսքով, կանայք գանգատվում էին էնդոմետրիալ սքրեթչինգի հետեւանքով տհաճ զգացողություններից։ Նրանցից հինգի մոտ ուժեղ ցավ կար, իսկ երկուսի մոտ՝ առատ արյունահոսություն։

University of Auckland համալսարանի մանկաբարձության ու գինեկոլոգիայի պրոֆեսոր Սինդի Ֆարկուարը հավաստիացնում է, որ կլինիկաները պետք է դադարեցնեն կանանց էնդոմետրիալ սքրեթչինգ առաջարկել։