Ոչ ավանդական բժշկությունը նվազեցնում է քաղցկեղով հիվանդների վերապրելիության շանսերը: Սա պայմանավորված է նրանով, որ օնկոհիվանդները բուժման այլընտրանքային մեթոդների ընտրության պատճառով հաճախ հրաժարվում են քաղցկեղի բուժման ստանդարտ միջոցներից: Այս մասին նշված է գիտնականների խմբի հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Oncology-ում:
ԱՄՆ-ում հետազոտությանը ներգրավվել է 1 290 մարդ: Ստացած տվյալների համաձայն՝ նրանք, ովքեր ընտրություն են կատարել ոչ ավանդական բժշկության օգտին, ավելի հաճախ են հրաժարվել քիմիաթերապիայից եւ վիրահատական միջամտությունից: Մինչդեռ այս խմբում բուժման սկզբում 5-ամյա վերապրելիությունը ցածր էր նրանց համեմատությամբ, ովքեր ստանդարտ բուժում են ստացել:
Չնայած դրան, հետազոտության մեջ նշվում է ԱՄՆ-ում բուժման այնպիսի այլընտրանքային մեթոդների տարածվածության մասին, ինչպիսին են սննդակարգերը, հանքանյութերի եւ վիտամինների ընդունումը: Միաժամանակ, այս մեթոդների արդյունավետությունը քիչ է հետազոտված:
Հետազոտության ընթացքում ուսումնասիրել են 258 մարդու առողջության ցուցանիշները, որոնք քաղցկեղի ոչ ավանդական բուժման են դիմել՝ բուժման ստանդարտ մեթոդներից թեկուզ մեկի հետ միասին, ինչպես նաեւ 1 032 հիվանդների, որոնք ստանդարտ թերապիա են ստացել: Պարզվել է, որ 5-ամյա ապրելիության բաժինը այլընտրանքային թերապիայի խմբում կազմել է 82,6 տոկոս, մինչդեռ երկրորդ խմբում այս ցուցանիշը կազմել է 86,6 տոկոս:
Բացի այդ՝ հետազոտության 10 տարում պարզվել է, որ առաջին խմբի օնկոհիվանդների շրջանում բուժման ստանդարտ մեթոդների ուշացման կամ դրանցից հրաժարման հետեւանքով մահվան ելքը 2 անգամ ավելի հաճախ է գրանցվել:
Հեղինակները ուշադրություն են դարձնում այն փաստին, որ ոչ ավանդական բժշկության կողմնակիցների 34 տոկոսը հրաժարվել է քիմիաթերապիայից, 53 տոկոսը՝ ռադիոթերապիայից, 7 տոկոսը՝ վիրահատությունից: Մինչդեռ երկրորդ խմբում այս ցուցանիշները զգալիորեն ցածր էին (համապատասխանաբար՝ 3.2 տոկոս, 2.3 տոկոս եւ 0.1 տոկոս):
Հետազոտության մեջ նշվում է, որ քաղցկեղի բուժման ժամանակ ոչ ավանդական բժշկություն ընտրած հիվանդները սկզբում առողջության ավելի լավ ցուցանիշներ ունեին: Այս խմբի մեջ մտել են, մասնավորապես, համեմատաբար երիտասարդ նյութապես ապահովված մարդիկ:






