Գիտնականները հայտնաբերել են Yin Yang1 (YY1) մոլեկուլը, որը կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ «պատասխանատու» է ուռուցքի աճի համար։ Այս մասին, ինչպես հայտնում է MedicalIXpress ամսագիրը, ասվում է միջազգային գիտնականների խմբի հետազոտության մեջ, որը իրականացվել է Լոնդոնի կայսերական քոլեջի գլխավորությամբ։
Մարմնի բոլոր բջիջները ունեն YY1-ի կարիքը, սակայն գիտնականները չգիտեին՝ այդ մոլեկուլն օգնո՞ւմ է, թե՞ խոչընդոտում ուռուցքի աճին։ Այդ հարցին պատասխանելու համար իրականացվել են հետազոտություններ՝ կրծքագեղձի քաղցկեղի էստրոգեն- ռեցեպտոր դրական (ER-դրական) տեսակով 37 հիվանդների մասնակցությամբ։ Այս տեսակը կազմում է կրծքագեղձի քաղցկեղի բոլոր դեպքերի 70 տոկոսը ու բուժվում է հորմոնալ թերապիայի միջոցով։
Արդյունքները, որոնք հրապարակվել են Nature Medicine ամսագրում, ցույց են տվել, որ քաղցկեղային բջիջները շատ ավելի մեծ կախում ունեն YY1-ից, քան նորմալ բջիջները, ու որ մոլեկուլն իրոք կարող է խթանել կրծքագեղձի քաղցկեղի աճը։
Գիտնականների ուշադրության կենտրոնում էին նաեւ էնհանսերները (ԴՆԹ-ի փոքր մասնիկներ, որոնք դրա հետ տրանսկրիպցիայի ֆակտորների կապակցումից հետո խթանում են տրանսկրիպցիան գենի կամ գեների խմբի հիմնական պրոմոթորներից)։ Պարզվել է, որ էնհանսերները, որոնք մասնակցում են Yin Yang1 ու SLC9A3R1 գեների ռեգուլյացիային, ակտիվանում են քաղցկեղի զարգացման որոշակի փուլում՝ նպաստելով ուռուցքի աճին ու բուժման հանդեպ կայունության զարգացմանը։
Հետազոտության արդյունքները կարող են հնարավորություններ բացել բուժման նոր մեթոդների մշակման համար, նաեւ կօգնեն հասկանալ, թե ինչու են որոշ ուռուցքներ քիմիաթերապիայի հանդեպ կայուն դառնում։






