Եթե մարդու մոտ դեմենցիա են ախտորոշել, նրան, ամենայն հավանականությամբ, մոտ վեց տարվա կյանք է մնացել՝ անկախ նրա տարիքից։ Նման եզրակացության են հանգել University Medical Center համալսարանի աշխատակիցները նոր հետազոտությունից հետո։

«Այս եզրակացությունները վկայում են այն մասին, որ անկախ բոլոր ջանքերից, չնայած տարիքին ու երբեմն էլ՝ մյուս ծեր մարդկանց համեմատ ավելի լավ առողջական վիճակին, վաղ դեմենցիայով տառապող մարդկանց կյանքի տեւողությունը 2000-ից այս կողմ չի բարելավվել»,- նշել է հետազոտության հեղինակ բժիշկ Հաննեկե Ռոդիուս- Մեեստերը։

Դեմենցիա է համարվում ձեռքբերովի տկարամտությունը, ճանաչողական գործունեության (մտավոր ունակությունների) նվազումը՝ կյանքի ընթացքում ձեռք բերված հմտությունների կորստի հետ միասին։

Գիտնականները վերլուծել են վաղաժամ դեմենցիայով տառապող ավելի քան 4500 մարդու տվյալներ։ Այդ մարդկանց ապրելիության միջին տեւողությունը կազմել է վեց տարի, չնայած դա կախված էր դեմենցիայի տեսակից․ 6․4 տարի ՝ ուղեղի ֆրոնտոտեմպորալ մասերի ախտահարման դեպքում, 6․2 տարի՝ Ալցհեյմերի հիվանդության դեպքում, 5․7 տարի՝ անոթային դեմենցիայի դեպքում, 5․1 տարի՝ Լեւի մարմնիկներով դեմենցիայի դեպքում ու 3․6 տարի՝ դեմենցիայի հազվագյուտ տեսակների դեպքում։

Կարեւոր է, որ ապրելիության տեւողությունը նույնն է եղել բոլոր տարիքների հիվանդների շրջանում, լինեն նրանք 65 տարեկանից փոքր, թե մեծ։ Ավելի վաղ արված հետազոտությունները ցույց են տվել, որ դեմենցիայի ախտորոշումից հետո ապրելիության ժամանակը տատանվում է 3-ից 12 տարի։

Այդ տվյալները ներկայացվել են Չիկագոյում  Ալցհեյմերի ասոցիացիայի համաժողովին։